Լրահոս
Օրվա լրահոսը

Քոլեջները ոչ թե փող են ուզում, այլ ինքնուրույն փող աշխատելու հնարավորություն

Հուլիս 03,2018 15:50

«Մշակութային եւ միջին մասնագիտական կրթության հիմնահարցերը» թեմայով «Հոդված 3» ակումբում հուլիսի 3-ին կայացած քննարկման ժամանակ ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ միջին մասնագիտական ոլորտը շատ դեպքերում անտեսված է եղել եւ պատշաճ ուշադրության չի արժանացել:

Փոխնախարարի ձեւակերպմամբ` ոլորտի խնդիրները բազմաբնույթ են, քանի որ հաստատություններն էլ տարբեր են: «Որոշ խնդիրներ ունեն օրենսդրական կարգավորման կարիք, որոշները կապված են Հայաստանում տիրող տնտեսական զարգացման տեմպերի հետ, որոշ խնդիրներ էլ սուբյեկտիվ բնույթ ունեն… Օրինակ, մենք այցելել ենք մի ուսումնական հաստատություն, որի տնօրենն ասում էր, թե 150 դոլար չի կարողանում գտնել, որպեսզի տարածքը մաքրի, պահպանվող իրերի հարցերը լուծի, բայց եղել են նաեւ քոլեջներ, որտեղ տեսել եմ, թե ինչ ջանք ու եռանդ են ներդրել տնօրենները»,-ասաց փոխնախարարը: Հավելեց, որ մասնավոր հատվածի համար ոլորտը գրավիչ դարձնելու խնդիր ունեն:

ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը նշեց, որ պետությունն իր վրա է վերցրել 12-ամյա պարտադիր կրթության դեպքում թե դպրոցի, թե ուսումնարանի եւ թե քոլեջի պետական ֆինանսավորումը: «Եթե դպրոցի պարագայում ինչքան երեխա լինում է, ընդունվում է, ոչ մի խնդիր չի ծագում, քոլեջի պարագայում դա որոշակի խնդիրներ է առաջացնում, խոսքը վերաբերում է պետպատվերի ձեւավորմանը եւ թվաքանակին»,-ասաց Արտակ Աղբալյանը: Նաեւ հավելեց, որ այս տարի պետպատվերը հայտնի պատճառներով նվազել է` կրթության ոլորտի բյուջեն է նվազել: 1600 տեղով միայն միջին մասնագիտականն է պակասել պետպատվերի շրջանակում:

Ասաց նաեւ, որ պատրաստվում են օրենսդրական փոփոխություն անցկացնել եւ թույլատրել վճարովի համակարգով ընդունելությունը. «Եթե երեխան ցանկանում է որեւէ տեղ սովորել, բայց պետպատվերի տեղ չկա, եւ ինքն իր ցանկությամբ պատրաստ է վճարել, ուրեմն նրան այդ հնարավորությունը կտրվի: Դա դրական կանդրադառնա նաեւ ուսումնական հաստատությունների վրա, որոնք խնդիր ունեն արտաբյուջե ձեւավորելու»: Անդրադարձ եղավ նաեւ քոլեջից բուհ անցման խնդրին:

Փոխնախարարն ընդգծեց, որ խնդիրը այս համատեքստում ավագ դպրոցին չվնասելն է, կփորձեն որոշ գործիքներ կիրառել, օրենքի ընդունումից հետո քվոտայավորումով առաջ կգնան, որպեսզի ավագ դպրոցին «չխփեն». «Եթե երեխան իմանա, որ գալու է քոլեջ, եւ միանգամից տեղափոխվի բուհ, ավագ դպրոցը կտուժի…Նաեւ Սահմանադրությամբ հանրակրթությունն անվճար է, արդյոք միջին մասնագիտական կրթությունը հանրակրթությո՞ւն է»: Նա մասնագետներին կոչ արեց խնդիրը ուսումնասիրել:

ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթեւոսյանը, անդրադառնալով մշակութային կրթությանը, ասաց, որ կարեւոր է ժամանակին համահունչ մասնագիտություն ստանալը եւ շուկայի պահանջները բավարարելը: Նա մասնավոր զրույցի ընթացքում լսած մի դրվագ պատմեց, որ պարզվում է՝ Հայաստանում ընդամենը մեկ թառ սարքող է մնացել, մասնագիտությունը վերացել է, ու հիմա Իրանում են թառ պատրաստում:

Մասնագետների պակասի մասին խոսելիս, խոսք գնաց նաեւ նրանց ցածր վարձատրության մասին: Արտակ Աղբալյանն օրինակ բերեց, որ օրինակ՝ օրական մի քանի հարյուր դոլար աշխատող ոսկերիչը չի ցանկանա 60 000 դրամով դասավանդել քոլեջում, փոխնախարարն էլ առաջարկեց. «Եթե Մուհամեդը չի գնում սարի մոտ, սարն է գնում Մուհամեդի մոտ, երեխաները կարող են գնալ ադամանդագործական, ոսկերչական գործարաններ սովորելու»:

Անդրադարձ եղավ երաժշտական կրթության ոլորտում տարօրինակ բաշխումներին. «Մի գործիքի մեծաթիվ տեղեր են հատկացվում, մեկ այլ գործիք անտեսվում է: Օրինակ, ասենք՝ անցյալ տարի 14 դհոլահար է ընդունվել, սա նոնսենս է, միջոցների մսխում, քանի որ մեր նվագախմբերը արտասահմանից են որոշ երաժիշտների հրավիրում»,-ասաց քննարկման մասնակիցներից մեկը:

Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի տնօրեն Արմեն Հարությունյանը փաստեց, որ երաժշտական դպրոցի ելքային եւ քոլեջների մուտքային պահանջներն իրար չեն համապատասխանում անհայտ մարդկանց կազմած ծրագրերի պատճառով, ու անհապաղ պետք է դա լրջորեն վերանայվի:

Քոլեջների ներկայացուցիչները չհամաձայնեցին, որ ընդամենը 100 ուսումնարանն ու քոլեջը կարող են խանգարել ավագ դպրոցներին, նշվեց, որ սխալ է մի համակարգը ճնշել` մյուսին չխանգարելու համար:

Քննարկման ժամանակ ԿԳ նախարարությանն առաջարկ արվեց քոլեջներին ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հնարավորություն ընձեռել, որպեսզի ոչ թե անընդհատ փող խնդրեն պետությունից, այլ իրենք փող աշխատելու հնարավորություն ունենան: Ի թիվս այլ առաջարկների ու մտահոգությունների, մի առաջարկ էլ վերաբերում էր երաժշտական դպրոցներում ընդհանուր վարձի սկզբունքին:

Փոխնախարարն ասաց, որ նման քննարկումներն ավելի հաճախ պետք է կազմակերպել, ընդգծեց, որ ՄԿՈՒ ոլորտի զարգացումը կարեւոր խնդիրներից մեկն է, իսկ ԿԳՆ-ն բաց է քննարկումների եւ առաջարկներ լսելու, նաեւ խնդիրների լուծման համար:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031