Ինչպես հայտնել ենք, այսօր ՀՌԱՀ անդամները ներկայացրեցին իրենց մշակած նախագիծը, թե կոնկրետ էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների դրվագներում ինչ չպետք է ցույց տան, որ ֆիլմերն են համարվում սարսափ պարունակող եւ որ հաղորդումներն են համարվում անչափահասների համար վտանգավոր:
Հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչներընախագիծը համարեցին վտանգավոր իրենց համար եւ ասացին, որ սա խոսքի ազատության սահմանափակում կարող է լինել, որովհետեւ շատ սուբյեկտիվ մոտեցումներ կան:
Ըստ այդ չափորոշիչների, էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների դրվագներում սեռական օրգանները չպետք է պատկերել խոշոր պլանով, սեռական գործողության կամ դրա իմիտացիայի տեսարաններում այլեւս չպետք է ցուցադրվեն սեռական օրգաններ, իսկ սեռական հարաբերությունների խոսքի կամ ձայնի ուղեկցությամբ նկարագրությունը չի կարող պարունակել սեռական գործողության մանրամասներ կամ սեռական հարաբերություն հիշեցնել:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ նախագիծը հակված չեն դիտարկել՝ որպես խոսքի ազատության սահմանափակում, բայց եթե այս տեսքով մնա, կարող է եւ խոչընդոտել խոսքի ազատությանը. «Շատ սուբյեկտիվ մոտեցումներ կան: Էրոտիկայի առումով օսկարակիր բազմաթիվ ֆիլմեր, եթե հետեւենք այս մոտեցումներին, չպետք է ցույց տան: Օրինակ, «Основной инстинкт»-ը՝ կարելի՞ է, թե՞ չի կարելի»: Ըստ պարոն Մելիքյանի, չպետք է խուսափել, որ փաստաթուղթը մեծ կստացվի, հնարավորինս պետք է բացել չափորոշիչները:
Հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանն ասաց, որ սա ենթաօրենսդրական ակտ է, որն ունի սահմանափակումներ. «Այնպես չի, որ սա տուգանք է՝ կարմիր գծի համար, անցել է գիծը՝ վերջ: Սա լուրջ քննարկման թեմա է, բարդ մեխանիզմ է: Շատ կխնդրեի, որ սա չդիտվեր խոսքի ազատության սահմանափակում»:
Նախագծով անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող են համարվում այն հաղորդումները, որոնք ժխտում են բարոյականության նորմերը եւ քարոզում անբարո ապրելակերպ:
Հարցրեցին՝ ի՞նչ է նշանակում բարոյականության նորմ, ո՞րն է դրա սահմանումը, ի՞նչ է նշանակում անբարո ապրելակերպ, ամեն ինչ պիտի ավելի չափելի դարձնել:
Հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը պատասխանեց. «Ես չգիտեմ անբարո նորմը, մեր ամբողջ հասարակությունը ընդունված նորմեր ունի՞: Եթե չունի, ցանկացած բացվածք տարընթերցումներ կունենա եւ բողոքներ կլինեն…Իսկ եթե բացում ենք, մենք սահմանափակում ենք որոշ խավերի պատկերացումը բարոյականության մասին: Գյուղերում ընդունված չի առանց կրծկալ ման գալը, քաղաքում ընդունված է: Եթե առանց կրծկալ շրջում է՝ բարոյակա՞ն է, թե՞ չէ: Բացելը միգուցե ավելի դժվարացնի մեր աշխատանքը»:
Ի դեպ, քննարկման ձեւաչափը դուր չէր եկել մեդիա ոլորտի ներկայացուցիչներին, բողոքեցին, որ ասես ասուլիս լինի, օպերատորներն էլ խանգարում են ու չեն թողնում տեսնել ՀՌԱՀ անդամների դեմքը: Հեռուստալրագրողներն իրենց օպերատորների հետ դեմարշ արեցին եւ լքեցին քննարկման սրահը՝ որպես բողոքի նշան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ