Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

էրոտիկ բնույթի ո՞ր հաղորդումներն են արգելելու. Մեդիայի մասնագետները հորդորում են ՀՌԱՀ-ին` էրոտիկան եւ պոռնոգրաֆիան մանրամասն ձեւակերպել

Հուլիս 03,2018 15:25

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքի» 22-րդ հոդվածի 2-րդ կետն ասում է՝ «էրոտիկ  բնույթի հեռուստառադիոհաղորդումները, սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերը, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստահաղորդումների չափորոշիչները սահմանում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը»:

Սա հաշվի առնելով՝ ՀՌԱՀ-ը մշակել է չափորոշիչների նախագիծ, որն այսօր քննարկման ներկայացվեց ու միանգամից արժանացավ քննադատության:

Նախագծով սահմանվում է, որ էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների դրվագներում սեռական օրգանները չպետք է պատկերել խոշոր պլանով, սեռական գործողության կամ դրա իմիտացիայի տեսարաններում այլեւս չպետք է ցուցադրվեն սեռական օրգաններ, իսկ սեռական հարաբերությունների խոսքի կամ ձայնի ուղեկցությամբ նկարագրությունը չի կարող պարունակել սեռական գործողության մանրամասներ կամ սեռական հարաբերություն հիշեցնել:

Նախագծով անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող են համարվում այն հաղորդումները, որոնք ժխտում են բարոյականության նորմերը եւ քարոզում անբարո ապրելակերպ, խեղաթյուրում են հանրակրթական ուսումնադաստիարակչական ծրագրերում ներառված պատմական իրողությունները, վարկաբեկում եւ նսեմացնում են ազգային գործիչներին, մշակութային ժառանգությունը:

Կամ մեկ այլ կետով նշված է, որ սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող են համարվում այն ֆիլմերը, որոնք ցուցադրում են վախի, տագնապի, անելանելիության զգացում հարուցող կամ սոսկում առաջացնող տեսարաններ, մարդկանց կամ կենդանիների խոշտանգումների, ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելու, խոշտանգված մարմինների մանրամասների եւ արյունահեղ տեսարաններ:

Այս եւ այլ վիճելի չափորոշիչների հետ կապված հեռուստաընկերությունների, մեդիա ոլորտի ներկայացուցիչները սկսեցին քննադատել ՀՌԱՀ-ին՝ ասելով, որ պետք է բացել, մանրամասներ գրել, որ տարընթերցումների տեղիք չտա: Ձեւակերպումները խիստ ընդհանրական են:

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի կարծիքով,  նախագիծը շատ վտանգավոր է այս տեսքով ընդունել. «Տարընկալումներ կարող են լինել: Ինչքան էլ մեզ ասեք, որ մի ընկալեք սա խոսքի ազատության սահմանափակում, այլ ձեւով մենք չենք կարողանա, որովհետեւ ընկալումները նաեւ փորձի հետ են կապված, իսկ փորձը մինչեւ այսօր այնքան էլ դրական չի եղել: Հանձնաժողովի նկատմամբ մասնագիտական ոլորտի վստահությունը շատ ցածր է ու այսպիսի դրույթներ կարող են շատ ավելի վտանգել այդ հարաբերությունները: Հեռուստատեսության եւ ռադիոյի տեսակետից այս ամեն ինչը կարող է շատ վտանգավոր լինել»: Նունե Սարգսյանն ասաց, որ նախագծում չկա, թե ինչի համար է սա արվում, նպատակը որն է, ո՞ւմ շահերն ենք պաշտպանում՝ ի վերջո հանրության, բայց այն արժեքային համակարգը, որի մեջ դնում ենք այս փաստաթուղթը, մենք չունենք:

Հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանն ասաց, որ նպատակները նախագծում կամրագրեն:

Նունե Սարգսյանի խոսքով՝ «Էրոտիկայի եւ պոռնոգրաֆիայի բազմաթիվ բազմաէջանոց փաստաթղթեր կան, կխնդրեմ չվախենաք դրանից, ինչքան հնարավոր է մանրամասնեք, որ տարաձայնություններ չլինեն»:

«Ռադիո Վանի» տնօրեն Շուշանիկ Արեւշատյանն ասաց. «Хотели как лучше, но получилось как всегда»: Նա առաջարկեց աշխատանքային խումբ ստեղծել ու մշակել նախագիծը, որովհետեւ շատ վտանգավոր կետեր կան. «Մանրամասնենք ամեն մի կետը, որ հետո չլինեն խնդիրներ»:

Քննարկման մանրամասները՝ ավելի ուշ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031