Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՆ-ի ներկայացուցիչ. «Անտառամերձ տարածքների բնակիչներին ու գյուղացիներին ներգրավել են կամավորական ջոկատներում»

Հուլիս 03,2018 13:42

«Մեր ուժերն անսահմանափակ չեն, իսկ անտառը նաեւ սոցիալական խնդիր է լուծում, գյուղացիները հատապտուղներ, վառելափայտ են տանում անտառից, դրա համար մենք մեր աշխատանքներում ակտիվորեն ներառում ենք նաեւ ՏԻՄ մարմիններին, որպեսզի մեզ հետ կարողանան համագործակցել»,- հուլիսի 3-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ մայոր Վրեժ Գաբրիելյանը` խոսելով հանգստի վայրերում քաղաքացիների անզգույշ վարքի պատճառով առաջացած հրդեհների մասին: Նա նշեց, որ անտառամերձ տարածքների բնակիչներին ու գյուղացիներին ներգրավել են կամավորական ջոկատներում, նրանց հետ հրդեհաշիջման եւ կանխարգելման համապատասխան ուսուցում է տարվել:

Նա հավելեց, որ որպեսզի կարողանան տեսնել, թե ինչ է տեղի ունենում անտառների հետ, պետք է ունենան անօդաչու սարքեր, դրա համար էլ ցանկություն են հայտնել, որ նման սարքեր տրամադրվեն անտառտնտեսություններին:

Վրեժ Գաբրիելյանն ավելացրեց, որ Հրդեհային անվտանգության մասին օրենքով արգելվում է խոզաններն այրել, սակայն ոչ բոլորն են այդ նորմը պահում: Նրա ձեւակերպմամբ, ԱԻՆ-ը անտառտնտեսության աշխատակիցների հետ հսկելու է անտառում ակտիվ հանգիստ անցկացնող  հովեկների գործողությունները: ԱԻՆ-ի ղեկավարությունը հատուկ հանձնարարություն է իջեցրել բոլոր ստորաբաժանումներին, որպեսզի հանկարծ չկրկնվի անցյալ տարվա պատկերը, եւ անտառային հրդեհներ չծագեն:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանը նշեց, որ հրդեհի ծագման համար որոշակի նախապայմաններ կան, որոնց կուտակման արդյունքում է բռնկվում հրդեհը, օրինակ նախորդ տարվանից մնացած չոր տերեւները, խոտերը կպչում են հողին, թաղիք են կազմում, իսկ դա հրդեհավտանգ է: Կարապետյանը շեշտեց, որ 40-42 աստիճան ջերմության դեպքում հողի մակերեւույթի վերին շերտերում կուտակում է 60-65 աստիճան ջերմություն, իսկ այդ դեպքում այդ թաղիքը կարող է այրվել:

Ինչ վերաբերվում է անցյալ տարվա հրդեհներին, դրանք խոսում են կլիմայական փոփոխությունների մասին, որոնք հավելյալ դժվարություններ են առաջացնում : Պարոն Կարապետյանի խոսքով, պետք է մեծ ծավալով նախապատրաստական աշխատանքներ իրականացնել: «Չենք կարող ասել, որ ամբողջովին պատրաստ ենք, բայց որոշակի պատրաստություններ տեսել ենք հնարավոր հրդեհներին դիմակայելու համար»,-ասաց նա:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի խոսքով, անցյալ տարի որոշ դեպքերում անզոր են եղել հրդեհի տարածմանը դիմակայելը, իսկ այժմ արդեն որոշ ռազմավարություն է մշակվել եւ ավելի պատրաստված են:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031