Լրահոս
Օրվա լրահոսը

«Հուսանք մեզ փողոցներում չեն թողնի»․Գյումրու ժողգործիքների նվագախմբի անդամները շատ անհանգիստ են

Հուլիս 03,2018 13:29

Օրերս Aravot.am-ին էին դիմել 1986 թվականին ստեղծված Գյումրու Խաչատուր Ավետիսյանի անվան ժողովրդական գործիքների պետական նվագախմբի անդամները՝ իրենց անհանգստությունն արտահայտելով առ այն, որ 30 տարի անհատույց օգտագործման իրավունքով նվագախմբին տրամադրված տարածքը, ըստ շրջանառվող լուրերի, ուզում են վերցնել իրենցից՝ տրամադրելով ֆիլհարմոնիայի կառուցմանը։

«Այս տարածքում ուզում են նոր շենք կառուցել, հավանաբար ֆիլհարմոնիա, կոնկրետ չգիտենք ինչ, բայց այդպես են ասում։ Հիմա, մեր խնդրանքն այն է, եթե մեզ կհեռացնեն այս տարածքից, մեզ ապահովեն այնպիսի տարածքով, որը կունենա նորմալ աշխատանքային պայմաններ։ Արդեն մեկ ու կես տարի է՝ լսում ենք, որ մենք պիտի դուրս գանք այստեղից»,- ասաց համույթի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ջեմմա Քաղցրիկյանը։

Դիրիժոր Կարեն Մայիլյանն էլ հավելեց․ « Առարկայական որևէ բան, որ կոնկրետ շինարարական աշխատանքներ են սկսված, չկա։ Շատ ուրախ ենք, շատ ողջունելի է, որ ուզում են բարեգործություն անել, այս տարածքում ֆիլհարմոնիկ դահլիճ կառուցել, բայց դրանից առաջ հարկավոր է Գյումրու պատիվը բարձր պահող խմբին աշխատանքային նորմալ տարածք հատկացնել, որը կհանձնվի պետական գույքին կամ համայնքային սեփականություն կլինի ու կհատկացվի Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբին։ Այդ դեպքում միայն պատրաստ ենք այս տարածքից դուրս գալ»։

Կարեն Մայիլյանը  նաև ասաց, որ իրենց շենք առաջարկվել է, բայց այն վերանորոգելը ծախսատար է, ու դեռ որոշված չէ՝ ո՞ւմ միջոցներով ու ո՞վ պետք է անի։ «Մենք երաժիշտ ենք , շինարարությունը մեր գործը չէ, եթե այստեղից դուրս ենք գալիս, մեզ հարկավոր է նորմալ պայմաններով տարածք։ Մենք պետական կառույց ենք, մենք չենք էլ կարող ասել, թե որ կողմը վերանորոգման աշխատանքներ կծավալի։ Չեմ կարծում, որ տեղի պետական մարմիները մեր դեմ որոշում կկայացնեն, որովհետև բոլորը գիտեն նվագախմբի արժեքը, դերը հանրապետությունում։ Բոլորովին վերջերս՝ 2018 թվականին մշակույթի նախարարության կողմից անցկացված Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում մենք շահել ենք երկու մրցանակ, որը շատ պարտավորեցնող է։ «Տարվա լավագույն ազգային նվագախումբ» և «Տարվա լավագույն ալբոմ», որը կարծում եմ աննախադեպ է, մեզ համար շատ ոգևորող է, քաղաքի, մարզի համար էլ պատիվ է»,- ասում է Կարեն Մայիլյանը։

Նշենք, որ  Շիրակի մարզի պատիվը բարձր պահող նվագախումբը բավականին տխուր պայմաններում է գտնվում․ փորձերը կատարում են կիսամութ տնակում, ձմռանը նավթի վառարանով են տաքանում, որի ծուխը բացասաբար է անդրադառնում նվագախմբի անդամների առողջության վրա։ Ընդ որում, ջեռուցման շրջանում սենյակը պոլիէթիլենով կիսում են՝ փորձերն անելով կիսված, նեղ հատվածում, որպեսզի ջերմությունը պահպանեն։ Ժողգործիքները, որոնց մեջ կան նաև մեռնող գործիքներ, այս պայմանների պատճառով լարվածքից ընկնում են։

Այդուհանդերձ, նվագախմբի անդամները պատրաստ են իրենց 30 տարով հատկացված   տնակը, որն, ի դեպ,  1989 թվականին երկրաշարժից անմիջապես հետո սարքել ու նվիրել է մի  բարեգործ, որոշակիորեն բարենորոգեն, եթե վստահ լինեն, որ իրենց տեղահանելու խնդիր չկա։ Նրանց հաշվարկներով, տարածքը բարենորոգելը, բարվոք  պայմաններ ունենալը կարժենա մոտ 5-7 միլիոն դրամ, տարբեր մարդիկ էլ պատրաստ են աջակցման, իրենք ևս պատրաստ են բարեգործական համերգներով լուծել խնդիրը, միայն թե վերջ տրվի այս անորոշությանը։

 

Նվագախմբի տնօրեն, հայտնի երգիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանն էլ ասաց, որ ինքն այս խնդրի շուրջ զրուցել է թե՛ նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանի, թե՛ քաղաքապետ Սամվել Բալասանյանի և թե՛ գնորդի հետ, սակայն հստակ եզրահանգման չեն եկել, անորոշ իրավիճակ է։ Տնօրենը   վերահաստատեց աշխատակիցների այն պնդումները, թե պատրաստ կլինեն տարածքից դուրս գալ միայն նորմալ աշխատանքային պայմաններ ապահովելու դեպքում։ Նվագախումբը մարզի մշակութային միջոցառումներին շունչ տալուց բացի, բարեգործական բոլոր ակցիաներին իր մեծ ներդրումն ունի, ապրիլյան պատերազմի ժամանակ  բարեգործական համերգներ տալով՝ օգնություն կազմակերպեց զինծառայողների համար, մասնակցեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ակցիաներին։

«Մենք միշտ բարձր ենք պահել Ջիվանու, Շերամի, մեր քաղաքի պատիվը, մենք էլ արժանի պայմաններ ենք ուզում»,-ասաց Մուրադ Մալխասյանը:

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Aravot.am-ին տեղեկացրել էր, որ Նյու Յորքում բնակվող հայ բժիշկ, մեծ բարերար Հովհաննես Օյունջյանը հերթական ներդրումն է անելու Գյումրիում․ նա պատրաստվում է գալ Գյումրի՝ այստեղ ֆիլհարմոնիա կառուցելու նպատակով։

Ըստ քաղաքապետի․ «Իրենք մեր ժողգործիքների անսամբլին արդեն իսկ շենք ենք գնել, այս երկու օրը փաստաթղթերը վերջնականապես կձևակերպվեն: Նրանք այնտեղից դուրս կգան, պայմանավորվածություն կա և Մուրադ Մալխասյանի (նվագախմբի տնօրենի), և Հովհաննես Օյունջյանի ներկայացուցչի հետ, որ այդ տարածքը տանք, և իրենք ֆիլհարմոնիա սարքեն մեր քաղաքի համար»։

Նշենք նաև, որ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը մեծ անակնկալ ունի հայ ժողովրդին․ ժողգործիքավորել են հայկական սիրված կինոֆիլմերի երաժշտությունները։ Նրանք հանդես կգան առանձին համերգով։

Տիգրան Մանսուրյանի կինոֆիլմերի երաժշտությունների հիման վրա արդեն ձայնագրություններ են արել։ Մենք ներկա գտնվեցինք փորձերից մեկին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031