ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր «Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ»-ում փորձագիտական քննարկմանն անդրադարձավ այն փաստին, որ վերջերս ՀՀ-ի եւ Նախիջեւանի սահմանագծի հատվածում հակառակորդը դիրքային առաջխաղացում է կատարել՝ միջդիրքային տարածության հաշվին (դա «չեզոք գոտի» կոչելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ ՀՀ-ի եւ Նախիջեւանի հատվածի սահմանագիծն իրավական ամրագրում չի ստացել): «Դա մեծացնում է ռիսկը, որ հայկական դիրքերը հասանելի են դառնում հրաձգային զինատեսակների համար, մյուս կողմից՝ մեր պաշտպանական բնագծի համար իրավիճակն ավելի կանխատեսելի է դառնում: Այնպես չէ, որ դա սկսել է հակառակորդը, մենք էլ քնած ենք եղել: Ամեն բան չի կարելի հրապարակել, բայց տարիներ առաջ էլ եղել են փաստեր, որ մենք ենք շատ հատվածներում առաջնահերթ մեր դիրքերն ամրապնդել: Դա գործընթաց է»,-պարզաբանեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա շեշտեց. «Նախիջեւանի հատվածում սահման, այո, չկա, կան դիրքեր: Դիրքերն ավելի շատ փոփոխվել են մեր կողմից, եւ շնորհիվ այդ փոփոխությունների, որեւէ ադրբեջանական դիրքերից որեւէ հայկական բնակավայր կամ ճանապարհ ուղիղ նշանառության տակ չի գտնվում: Արենի գյուղի ամենահարավարեւելյան հատվածներում կարող են «վնաս տալ», կստացվի՞, թե ոչ, չենք կարող ասել: Բայց Արենիից ոչ մի տուն ենթակա չէ խոցման»:
Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց՝ հաշվի առնելով Նախիջեւանի ուղղության կարեւորությունը ՀՀ-ի համար, հայկական զինված ուժերը ամրացրել եւ ամրացնում են անվտանգությունն ու պաշտպանությունը. «Մարտ-ապրիլ ամիսներին մենք ահազանգում էինք հակառակորդի տեղաշարժերի մասին, ինչը, սակայն, լուրջ չէր ընդունվում որոշ մարդկանց կողմից…Ասել, թե հիմա հակառակորդի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն առավել քան բարձր է, ճիշտ չէ: Մյուս կողմից, հակառակորդը կարող է փորձել տեղային լարում առաջացնել: Հետեւաբար, մարդկանց խաբելու խնդիր չունենք, երբ ասում ենք, որ ցանկացած պահի հակառակորդը կարող է սադրանք իրականացնել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ