Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ-ն մի տարածություն է, որտեղ կոռուպցիան ոչ թե խնդիր է, արատ, պայքարի թիրախ, այլ կենսակերպ է. «Ժամանակ»

Հուլիս 03,2018 11:51

Երևանում նախօրեին տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ հակազդման ԱՊՀ խորհրդի նիստը, իսկ Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ընտրվել է նախագահ: Ի դեպ, նիստի մասնակիցներին ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եթե հանենք Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունն ու այս տեղեկատվությունը տեղավորենք 2018 թվականի մարտի Հայաստանում, ապա դրա վրա ուշադրությունը առավելագույն դեպքում կարող էր լինել հեգնանքը կամ ժպիտը: Հասկանալի է, թե ինչ պատճառով:

ԱՊՀ-ն մի տարածություն է, որտեղ կոռուպցիան ոչ թե խնդիր է, արատ, պայքարի թիրախ, այլ կենսակերպ է իշխող համակարգերի, տարբեր բնագավառներում պետական կառավարման համակարգի պատասխանատուների համար, այդ թվում՝ իրավապահների: Սակայն 2018 թվականի հունիսի Հայաստանում պատկերն արդեն այլ է, որովհետև այստեղ արդեն գործ ունենք Հայաստանի հետ, որտեղ գործնականում պայքար է կոռուպցիայի դեմ, որտեղ քրեական գործեր են հարուցվում ապօրինի հարստացման թեմաներով, ընդ որում՝ ոչ միայն նախկին համակարգի տարբեր ներկայացուցիչների դեմ, այլ նաև նախկին նախագահի եղբոր ընտանիքի: Սակայն այստեղ էլ առաջանում է ժպիտ, որովհետև Հայաստանը՝ արդեն կոռուպցիայի դեմ գործնական ու մասշտաբային պայքար մղող Հայաստանը, մի կառույցի կամ հանրույթի անդամ է, որտեղ կոռուպցիան շարունակում է մնալ կենսակերպ, իշխող համակարգերի հենարան և խարիսխ:

Այդ իմաստով, Հայաստանը դե ֆակտո ԱՊՀ-ից դուրս է կամ գոնե դուրս պետք է գա, որովհետև ի՞նչ է անում կամ ինչպե՞ս կարող է այդ կազմակերպությունում մի բան անել պետություն, որը սկզբունքորեն տարբեր է՝ իր կենսափիլիսոփայությամբ արդեն տարբեր է մյուսներից: Եվ այստեղ հանգում ենք մի հարցի, որը Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո այս կամ այն կերպ շրջանառվել ու շրջանառվում է՝ կապված ժողովրդավարական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարող, անհանդուրժող, օրենքի և իրավունքի, ազատ ընտրության և դրա միջոցով իշխանափոխություն ենթադրող Հայաստանի ու եվրասիական տարածության միջև հակասության հետ:

Կարո՞ղ է Հայաստանը, ժողովրդավարականացող, լեգիտիմ իշխանությամբ, փոփոխվող իշխանություն ենթադրող ընտրական համակարգով Հայաստանը, իրավունքի և քաղաքացիության Հայաստանը լինել ԵՏՄ անդամ, լինել ՌԴ դաշնակից կամ ազդեցության, պատասխանատվության գոտի, և այլն: Զուտ աքսիոմատիկ առումով սա իսկապես բարդ հարց է, որովհետև թվում է, թե չի կարող, քանի որ լիովին տարբեր են ստացվում կառուցվածքները, մտածողությունը, արժեքները և այլն: Սակայն խնդիրը միայն այս տիրույթում չէ, միայն արժեհամակարգային հարթության վրա չէ: Ի վերջո, որևէ մեկը չի բռնել Հայաստանի ձեռքն ու չի արգելել կոռուպցիայի դեմ պայքարել, իրավունք, օրենք հաստատել և այլն: Սակայն ժամանակակից, գլոբալ աշխարհը, առավել ևս Հայաստանի դեպքում անխուսափելի է դարձնում գործակցությունն ինտեգրացիոն տարբեր միավորների շրջանակում: Եվ քանի որ Հայաստանի դեպքում դա ԵՏՄ-ն է, առնվազն առաջնայինն ու գերական՝ իրավա-պայմանագրային առումով, ապա խնդիրը, բնականաբար, առաջնայնորեն դիտարկվում է այդ համատեքստում: Իսկ այստեղ բանն այն է, որ ԵՏՄ մյուս անդամները, մեղմ ասած, ժողովրդավար-իրավական համակարգերի կրողներ չեն:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031