ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հունիսի 29-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնում 1965 թ. ծնված Գարիկ Փ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, Ենոքավան գյուղի հանգստյան գոտում, ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1979 թ. ծնված Արսեն Գ.-ն դանակով հարվածել է 1978 թ. ծնված Հովսեփ Բ.-ին՝ պատճառելով վնասվածք: Հովսեփ Բ.-ն տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 21.45-ին, կամավոր բաժին է ներկայացել Արսեն Գ.-ն և ներկայացրել հանցագործության գործիք դանակը եւ հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, հանգստյան գոտու ավտոկայանատեղում վիճաբանություն է ծագել իր եւ Գարիկ Փ.-ի հետ եկած Հովսեփ Բ.-ի եւ եւս մեկ անձի հետ, որին չի ճանաչում, որի ժամանակ Հովսեփ Բ.-ն եւ իրեն անծանոթ անձը ծեծի են ենթարկել իրեն, իսկ ինքը ինքնապաշտպանության նպատակով ձեռքին եղած խոհանոցային դանակով հարվածել է նրան՝ պատճառելով վնասվածք:
Մենք տեղեկացանք,որ դանակահարված Հովսեփ Բ-.ն վիրահատվել է: Դեպքի կապակցությամբ Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է քննվում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»):
Դանակահարողը եւ դանակահարվածը համագյուղացիներ են, Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտի գյուղի բնակիչներ, դանակահարած Արսեն Գ.-ն «Ապագա տուրի» Ենոքավանի հանգստյան գոտու աշխատող է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ