Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը պաշտոնապես հաստատեց «Առավոտի» այն տեղեկությունը, որ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը: Նա կասկածվում է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ:
Սա Քրեական օրենսգրքի 112 հոդվածն է, ըստ որի՝
1. Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,
3) առեւանգված մարդու կամ պատանդի նկատմամբ,
4) առանձին դաժանությամբ,
5) շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով,
6) մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից,
7) շահադիտական դրդումներով, ինչպես նաեւ շորթմամբ զուգորդված,
8) ահաբեկչությամբ զուգորդված,
9) խուլիգանական դրդումներով,
10) այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով,
11) բռնաբարությամբ կամ սեքսուալ բնույթի բռնի գործողություններով զուգորդված,
12) ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով,
13) տուժողի մարմնի մասերի կամ հյուսվածքների օգտագործման նպատակով,
14) անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Սոնա Տռուզյանը խոստացավ մանրամասները հայտնել ավելի ուշ: