Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմի վտանգ միշտ էլ կա: Կարեւոր հարցն այն է, թե ո՛վ է ավելի պատրաստ. «Հայոց աշխարհ»

Հուլիս 03,2018 10:40

«Պատերազմի անմիջական վտանգ չկա: Սակայն մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Իսկ այն, որ պատերազմի հավանականություն կա ինչ-որ չափով, դա միշտ էլ հայտարարվել է: Զինված ուժերը ելնում են նրանից, որ ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել»,- երեկ հայտարարեց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով իրավիճակի ու լարվածության մեծացման վերաբերյալ լրագրողների հարցերին: Բնական է, իհարկե, որ գլխավոր շտաբի պետը, մանավանդ լրագրողների հետ զրույցում, ասի՝ անհանգստանալու որեւէ բան չկա: Նրա այդ արտահայտությունն ավելի շուտ կարելի է ընկալել այսպես, որ՝ բանակը լիովին պատրաստ է կատարել իր վրա դրված խնդիրները: Այն, որ բանակը, անկախ ամեն ինչից մեր 18-20 տարեկան զինվորներն ու պայմանագրայինները պատրաստ են պատվով ու անձնուրաց կատարել իրենց վրա դրված խնդիրներն ու քաղաքացիական պարտքը, տեսել ու համոզվել ենք վերջին տասնամյակներում, հատկապես վերջին տարիներին, թե՛ «սահմանային կամ դիվերսիոն պատերազմի», թե՛ ապրիլյան պատերազմի ընթացքում: Այնպես որ մեր հասարակությունը դա արդեն որպես աքսիոմ է ընդունում:

Բայց անհանգստանալու բան ու որեւէ բան կա մի՛շտ: Ամենից առաջ դա մեր արեւելյան, ոչ բարով, հարեւան պետությունն է՝ Ադրբեջանը, իր ռազմատենչ ղեկավարությամբ ու «պատերազմի քաղաքականությամբ», անթաքույց արտահայտվող զավթողական նպատակներով, որոնք այսպես կոչված միջազգային հանրության կողմից համարժեք գնահատականի չեն արժանանում:

Սակայն թշնամին, որպես «անհանգստացնող որեւէ բան» կամ գործոն, գոյություն ունի մշտապես եւ, ցավոք, անհայտ է, թե դեռ քանի տասնամյակ է առկա լինելու: Այսինքն՝ պատերազմի վտանգ միշտ էլ կա: Կարեւոր հարցն այն է, թե ո՛վ է ավելի պատրաստ: Իսկ սա ենթադրում է ոչ միայն բանակի (սպառազինություն, զինվորականության հմտություն, մարտական ոգի), այլեւ հասարակության պատրաստվածությունը, համապատասխան հոգեվիճակ:

Ու այս տեսանկյունից «անհանգստացնող մյուս բաները» շատ ավելի մտահոգիչ են: Ամենից առաջ, իհարկե, անհանգստացնող է այն, թե ինչպիսի խառնիխուռն, անհամարժեք են հաճախ լինում արձագանքները հակառակորդի կողմից ուժերի կուտակումների վերաբերյալ տեղեկություններին: Անցած մոտ երկու ամսվա ընթացքում, երբ պարբերաբար նման տեղեկություններ էին տարածվում, հեղափոխական իշխանությունների ներկայացուցիչները ամեն կերպ ձգտում էին դրանք հերքել, ներկայացնել որպես ապատեղեկատվություն եւ այդպես շարունակ: Նման վերաբերմունքը չի կարող հետեւանքներ չունենալ հասարակության ընդհանուր ընկալման վրա:

Ավելի մտահոգիչ հանգամանքներից մեկն էլ այն է, որ թավշյա իշխանափոխության հետեւանքով, ընդունվող որոշումների վրա էապես ազդելու հնարավորություն, լծակներ են ստացել անձինք ու շրջանակներ, որոնք նախքան այս հանդես են եկել անհարկի խաղաղասիրական դիրքերից, էլ չենք խոսում՝ զանազան փոքրամասնությունների պաշտպանությունը, բանակի հետեւողական քարկոծումը, արատավոր երեւույթները լղոզած բոլորի ու ամբողջ կառույցի վրա տարածելու նպատակային դրսեւորումները, «Ազգ-բանակ» մոտեցմամբ էական բարեփոխումների հանդեպ ծաղրական, մերժողական մոտեցումները եւ այսպես շարունակ:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031