Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի համար էլ է իրավիճակ փոխվել, բայց առայժմ, ցավոք ոչ դրական առումով

Հուլիս 03,2018 09:30
lurer

Բավական խրթին էր պատկերացնելը, որ լրատվամիջոցները կհայտնվեն նման բարդ իրավիճակում մի կառավարության օրոք, որը ղեկավարում է նախկին լրագրող, եւ որի կազմում այդքան շատ են մամուլին այս կամ այն կերպ ուղղակի առնչություն ունեցած անձինք:

Եվ բարդ իրավիճակ ասելով՝ տվյալ դեպքում նկատի չունենք նոր կառավարության կողմնակիցների խիստ ագրեսիվ հակազդեցությունը ցանկացած քննադատական խոսքի: Ու դեռ փառք է, եթե գործն ավարտվում է միայն վիրավորական ու հայհոյալից մեկնաբանությունների հեղեղով; Նոր իշխանության աջակիցները նաեւ փորձում են քննադատական հրապարակումներ զետեղող լրատվամիջոցներին ուղղակի շոշափելի վնաս տալ՝ էջերի վարկանիշն իջեցնելով, սոցիալական ցանցերում ներկայացվածությունն արգելափակել փորձելով եւ այլն:

Սա նշում ենք ոչ որպես բողոք՝ իշխանավորների ուշադրությունը գրավելու իրենց աջակիցների՝ ընդդեմ մամուլի այս գործողությունների նկատմամբ: Փորձը ցույց է տալիս, որ վերջիններս ունկնդիր չեն լինում անգամ նման կոչերին՝ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք կվկայեին, որ ատելության էջը Հայաստանում իրոք փակված է, եւ պետք է թողնել, որ մամուլն աշխատի:

Իրավիճակն առավել բարդացնում են ԶԼՄ-ների դերը կամա թե ակամա նսեմացնելուն ուղղված նոր իշխանությունների քայլերը: Կասեք՝ չափազանցնում ենք, ու նման քայլեր չկա՞ն, եւ ինչպես մեզ վստահեցնում են՝ Հայաստանում մամուլը երբեք չի եղել այնքան ազատ, որքան այժմ:

Շատ լավ, այդ դեպքում ի՞նչ բացատրություն ունի ասենք այն, որ լրատվամիջոցները ակամա հայտնվեցին սոցիալական ցանցերից պատճենողների դերում: Իշխանավորներ կան, որոնց մամուլի ծառայությունները իզուր վատնում են հարկատուների փողերը՝ արդեն 50 օր է, նրանք որեւէ մամուլի հաղորդագրություն իսկ չեն ուղարկել: Փոխարենը նրանց ղեկավարներն են Ֆեյսբուքում գրառումներ կատարում՝ այդ միջոցով ներկայացնելով կատարված աշխատանքը: Եվ եթե ԶԼՄ-ն ուզում է հավասարակշիռ լուսաբանում ապահովել՝ անդրադառնալով իշխանության բոլոր օղակների գործունեությունը, ստիպված տեղ է գրավում այն ԶԼՄ-ների շարքում, որոնք իրենց լրահոսն ապահովում են սոցիալական ցանցերից «copy-paste» անելով:

Միջանկյալ նկատենք, որ բնականաբար՝ չենք թերագնահատում սոցիալական ցանցերի նշանակությունը. այն լսարանի հետ շփվելու, կապը պահպանելու շատ կարեւոր գործիք է: Սակայն վստահ ենք, որ այն պետք է գործադրվի զուգահեռ, ու չպետք է փոխարինի նաեւ մամուլի միջոցով աշխատանքին:

Սակայն անգամ ասուլիսի կամ իրականացվելիք քննարկման մասին հաղորդագրությունները որոշ խոսնակներ զետեղում են սոցիալական ցանցերում ու հարկ չեն համարում ԶԼՄ-ներին տեղեկացնել: Կարծես լրագրողները պետք է օրնիբուն հետեւեն իրենց էջերին, եթե չեն ուզում որեւէ բան բաց թողնել: Կամ կարծես այդ ասուլիսները կամ միջոցառումները պետք է ֆեյսբուքյան օգտատերերը լուսաբանեն եւ ոչ լրագրողները:

Փոխարենը նույն ֆեյսբուքով աղմուկ են բարձրացնում, եթե հանկարծ ԶԼՄ-ներով սպրդի որեւէ ոչ դուրեկան կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն:

Մի օրինակ ընդամենը. «Առավոտի» լրագրողը օրեր շարունակ մի փոխնախարարից փորձել էր լուր ճշտել: Ապարդյուն: Ի դեպ՝ «հին Հայաստանում» փոխնախարարներն առավել դյուրությամբ էին շփվում լրագրողների հետ: Ի վերջո՝ լրագրողն այդ հարցը ուղղել էր նախարարին, որը «ոտքի վրա» հարցին ընդհանրական պատասխան էր տվել, թեեւ կարող էր ասել, որ խնդրի մանրամասներին չի տիրապետում՝ կճշտեն, նոր կարձագանքեն: Բայց երբ որ լուրն արդեն հրապարակվեց՝ նույն փոխնախարարը, որն օրեր շարունակ չէր արձագանքել հեռախոսազանգերին՝ անմիջապես վրդովված արձագանքեց… բնականաբար ֆեյսբուքում, նոր խթան հաղորդելով ընդդեմ ԶԼՄ-ների բացասական լիցքերին, որի պակասն այդ տարածքում, ինչպես արդեն նշեցինք՝ առանց այն էլ չկա: Եվ նոր իշխանության որեւէ ներկայացուցչի ցանկացած հանդիմանանք ԶԼՄ-ի հասցեին կամ «հակապետական քարոզչություն» իրականացնելու վերաբերյալ անհասցե մեղադրանք առավել սաստկացնում է այն մթնոլորտը, որում փորձ է արվում հենց բնում խեղդել քննադատական ցանկացած խոսք անձի պաշտամունքի առարկա դարձած գործիչների հանդեպ:

Սակայն հրապարակումն ավարտենք դրական շեշտադրմամբ՝ հուսալով, որ վերոթվարկյալ խնդիրների մի մասը ուղղակի անփորձության, մամուլի հետ աշխատել չիմանալու հետեւանք է եւ գուցե շտկելի է:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Բարսեղ Գիշյան says:

    Այս իշխանությունը հոկտեմբերի 27-ի կամ մարտի 1-ի միջոցով չի ձևավորվել, երբ Օպերայում դագաղների համար տեղ չկար կամ փողոցում 11 հոգի էին սպանվում: Ով ուզում է որևէ դրական բան մնա այս փոփոխություններից, թող սա հիշի, տարբեր կողմերից նայի իր <>, եթե լավը չգնահատենք չի մնալու: Այս իշխանությունը, առայժմ, դեռ փորձում է հնարավորին չափ բռնությամբ պարտադրանքը փոխարինել անհատական պատասխանատվությամբ: Իսկ բռնությունը ուղղված է նախկին կոռումպացվածի դեմ: Բայց, ինչպես նշում են (նաև դուք) սոցիալական ճնշում կա: Մի քանի օր առաջ իմ ընկերներից մեկը հոդված էր գրել, թե նոր իշխանության կողմնակիցների կողմից քննադատություններ են հնչում քննադատական ելույթների հանդեպ և դա սոցիալական ճնշում է: Հարցը նա է, որ այդ սոցիալական ճնշումը ոչ թե իշխանության, այլ հասարակության կողմից է, հասարակությունն է ճնշում ու մենք մեզ նեղված ենք զգում: Եկեք մենք էլ Հռոմի պապից ավելի կաթոլիկ չլինենք: Հաս-թյունը ճնշում է, որովհետև վախենում է, նրա գիտակցության մեջ դեռ Օպերայի դագաղներն են, ուղեղ չունեցող բռի, լափող, սապոգի հոմանիշ իշխանությունը: Հաս-թյունը վախենում է, որ ինչ-որ մեկի վրա մի հատ, մեկ հատիկ կրակոցը ամեն ինչ հետ կտանի, քանի դեռ փոփոխությունը չի ինստիտուցիոնալիզացվել ու կհայտնվի արյան հոտով սնվող գազանը, որը հիանալիորեն կհամապատասխանի տարածաշրջանային խաղացողների պահանջներին: ՀՀ-ն նորից լրիվ կդառնա Ադրբեջանի ու ՌԴ-ի կցորդը, քանի որ կխաղա ամբողջությամբ նրանց օրակարգով: Այս ամենը սովորական տաքսու վարորդն էլ հասկանում է, էս խոսքերի մի մասն էլ նրանցից եմ վերցրել (ինչ-որ պատճառով 1 ամիս է անընդհատ տաքսով եմ գործի գալիս, ամեն առավոտ վարորդների հետ զրուցում եմ): Ու եթե այդ 1 կրակոցը լինի՝ հաջող ՀՀ, նորից դեպի օտար ափեր՝ գաղթականի (ես կասեի բռնաբարությունից ծնվածի հոգեբանությամբ): Ուրեմն, ասեք ինչ կուզեք, բայց հիմա մեր ժողովրդի մի զգալի հատվածը մամուլից էլ, իշխանությունից էլ գիտակից է ու հասարակական ճնշում է բանեցնում: Դրա համար էլ սոց. հարթակները ավելի են կարևորվում, քան որևէ մեկի մարգարեական կանխատեսումը որևէ մամուլի օրգանում: Ժողովուրդն ուզում է ինքն իրեն լսել, իր ձայնը լսել և ոչ թե մամուլի մարգարեներին (հետգաղութային տեսություններում մի կարևոր հեղինակ կա, ասում է <>): Հիմա խոսում են, ինչու ենք մենք մեզ նեղված զգում, երևի ես էլ Դուք էլ սովորել ենք մեր սոլո հոդվածներին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031