Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ Հայաստանի հաղթանակը բոլորիս է հույսեր ներշնչում. The New York Post

Հուլիս 03,2018 00:16

«Փոքր տարիքում տատիկս տեսել է՝ ինչպես են իր ընտանիքի բազմաթիվ անդամներ սպանվել, երբ Թուրքիան փորձում էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ոչնչացնել հայ քրիստոնյա բնակչությանը: Այդ ժամանակ նա արտագաղթել է ԱՄՆ՝ մտածելով, որ այլևս երբեք չի տեսնի ազատ և անկախ Հայաստան»,- ամերիկյան The New York Post պարբերականում գրում է սյունակագիր Շանթ Շահրիգյանը:

«Հետևաբար, ինձ համար կարծես հրաշք լիներ այն, որ չնայած Ցեղասպանությանը` նրանք, այնուամենայնիվ, կարողացան 1918թ. կերտել իրենց հայրենիքը՝ փոքրիկ երկիր Թուրքիայի և Իրանի հարևանությամբ: Չնայած այդ հանրապետությունը 1920թ. հայտնվեց խորհդային իշխանության տակ, այնուամենայնիվ, դարձյալ անկախություն ստացավ 1991թ.:

Առաջին անգամ այդ փոքրիկ օազիսում հայտնվել եմ, երբ 2007թ.՝ քոլեջում սովորելու տարիներին, ամառային փորձաշրջան էի անցնում հայկական եկեղեցում: Հոգևորականներն ինձ ընդունեցին, չնայած որ ագնոստիկ էի և շատ վատ էի հայերեն խոսում: Համեղ ուտելիք ճաշակելուն և երկրի հնագույն վանքերն այցելելուն զուգահեռ ես նաև տեսա՝ ինչ չարքաշ կյանքով են ապրում հայերը, գրում է հոդվածի հեղինակը:

Ինչպես բազմաթիվ խորհրդային երկրներում, օլիգարխների հանցախումբը տիրացել էր բնակչության ունեցվածքին և համագործակցելով կոռումպացված քաղաքական գործիչների հետ՝ վերահսկողություն սահմանել կյանքի գրեթե բոլոր ասպեկտների վրա: Ոստիկանությունն անամոթաբար կաշառք էր պահանջում: Քաղաքական այլախոհները հայտնվում էին ճաղերի ետևում:

Ես կարողացա տեսնել, որ երկիրը տեխնիկապես անկախ է: Բայց ազա՞տ: Այնքան էլ չէ:

Պետության ղեկավար Սերժ Սարգսյանը 2008թ. ի վեր հավերժացրել էր իր իշխանությունը: Հետևելով Վլադիմիր Պուտինի օրինակին՝ նա հույս ուներ կասկածելի հանրաքվեի արդյունքում նախագահից դառնալ վարչապետ և դրանով իսկ երկարաձգել իր ղեկավարման ժամկետները: Մինչ բնակչության մոտ մեկ երրորդն ապրում է աղքատության շեմից ներքև, Սարգսյանն ու նրա շրջապատը կողոպտում էին Հայաստանի առանց այն էլ սուղ ռեսուրսները:

Պուտինի նման ղեկավարներն իշխանությունը հեշությամբ չեն հանձնում: Եվ ոչ էլ հետխորհրդային պետություններում նրան նմանակողները, կարծում է Շահրիգյանը:

Բայց այս տարի ապրիլին հայերն ի վերջո որոշեցին՝ բավական է: Տասնյակ հազարավոր մարդիկ նախկին լրագրող և երկար տարիների այլախոհ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ դուրս եկան փողոց, դասադուլ և գործադուլ հայտարարեցին՝ պահանջելով Սարգսյանի հրաժարականը:

Վերջին անգամ Հայաստանը նման ցույցեր տեսել էր 2008թ., որին կառավարությունը պատասանեց բռնի ուժով՝ պատճառ դառնալով առնվազն 10 զոհի:

Բայց այս գարնանը տեղի ունեցած ցույցերը խաղաղ էին ու անգամ տոնական: Ի տարբերություն աշխարհի բազմաթով այլ ցույցերի, որոնցում անվտանգության ուժերը հաճախ արդարացիորեն ընկալվում են որպես թշնամի, հայ ցուցարարները փորձում էին ստեղծել համերաշխության մթնոլորտ իրենց հսկող ոստիկանության հետ: Իսկ Փաշինյանը փողոցներով քայլելիս բղավում էր. «Ոստիկանները մեր եղբայրներն են»:

Չնայած բազմաթիվ ձերբակալություններին՝ իշխանությունները կրակ չբացեցին: Հայաստանի մայրաքաղաք Երևանում Հանրապետության հրապարակի՝ վերևից արված լուսանկարները հիշեցնում են 1989թ. Բեռլինը և անգամ այսօրվա Նյու Յորքը:

10 օր տևած անդադար ցույցերից հետո Սարգսյանը հրաժարական տվեց. «Ես սխալվում էի»,- ասաց նա ապրիլի 23-ի իր ուղերձում:

Նյու Յորքում ապրող հազարավոր ամերիկահայերի նման ես էլ հպարտություն էի զգում՝ տեսնելով՝ ինչպես է երկիրը կերտում իր ուղին դեպի ժողովրադավարություն, որտեղ կհարգվեն քաղաքացիների իրավունքները:

Փոքրիկ այդ երկրի խաղաղ հեղափոխությունը ավելի լայն նշանակություն ունի մեզ բոլորիս համար:

Մյուս հետխորհդային պետություններում հաջողության են հասել ստորին մակարդակներում որոշակի բարեփոխումների ճանապարհով, հետո բախվել են արմատներ գցած կոռուպցիոն շահերին: Արաբական գարունը հիմնականում ձախողվեց, այնպիսի երկրներ, ինչպիսին, օրինակ, Սիրիան է, արդյունքում հայտնվեցին քաոսում: Եվ Միացյալ Նահանգներում շատերը անզորության զգացողություն են ունենում, քանի որ մեր ժողովրդավարական ինստիտուտները բախվում են աննախադեպ մարտահրավերների:

Հայաստանի ժողովուրդը ցույց տվեց մեզ, որ ցույցերը կարող են օգուտ տալ, և որ անհատների ձայնը նշանակություն ունի:

Ուստի հուլիսի 4-ին, երբ ԱՄՆ-ը անկախություն է տոնում, եկեք բաժակ բարձրացնենք նաև Հայաստանի համար: Այս հզոր ժողովուրդը, որը պայքարում է նույն իրավունքների համար, ինչ մեր հիմնադիր հայրերը, տարվա դրական իրադարձությունն է», եզրափակում է հոդվածագիրը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ  

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    ՇահրիԿյան՝ Կ-ով: Արեւմտահայերէնի տառադարձութեան խնդիրն է (ինչպէս Garo-Կարո Փայլանի դէպքում): Լատինատառ գրւում է Shahrigian, իսկ մեսրոպատառ՝ Շահրիկյան:

    Տարածուած ազգանուն է հայոց մէջ: Մեր Շամշադինում յայտնի բժշկուհի կար (երկար տարիներ)՝ ընկեր Շահրիկեանը 🙂

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031