ՊՆ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ մայոր Արտակ Դավթյանն այսօր կենտրոնական հավաքակայանում հանդիպեց լրատվամիջոցների հետ:
«Շնորհավորում եմ մեզ բոլորիս՝ զորակոչի մեկնարկի կապակցությամբ: Պատրաստվել ենք բավականին երկար, շատ աշխատանք է կատարվել, եւ հույս ունեմ, որ զորակոչը կանցնի առանց խոչընդոտների: Իսկ եթե ընթացքում խնդիրներ առաջանան, դրանց շատ օպերատիվ կմիջամտենք: Թավշյա հեղափոխությունից հետո սա առաջին զորակոչն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կոնկրետ հանձնարարական է տվել, որ զինվորները պետք է ամեն ինչով ապահովված լինեն, եւ ծառայության ընթացքում ծնողներից որեւէ բան ուզելու կարիք չլինի: Իմ նախորդ հարցազրույցներում ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, որ Զինված ուժերը ի վիճակի է զինվորին ապահովել ամեն բանով, ինչ նախատեսված է օրենքով սահմանված կարգով: Եվ ձեզ կխնդրեմ՝ եթե կլինեն դեպքեր, կիմանաք՝ այս կամ այն զորամասում զինծառայողը չի ապահովվում, տեղեկացրեք մեզ, եւ մենք պատրաստ ենք շատ օպերատիվ արձագանքել»- ասաց ԳՇ պետը:
Պատասխանելով Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանցիների ակտիվացման մասին հարցին, գեներալ Դավթյանն ասաց. «Լրացուցիչ մեկնաբանությունների հարկ չկա: ՊՆ մամուլի խոսնակն արդեն ասել է, որ մենք նորմալ աշխատանք ենք կատարում, եւ անհանգստանալու ոչինչ չկա: Իսկ ինչ վերաբերում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարվածությանը, ինչի մասին վերջին շրջանում շատ է խոսվում եւ այսօր Ադրբեջանում մեկնարկող զորավարժություններին եւ կուտակումներին, վերջին շրջանում այդ մասին մշտապես խոսվում է, դրա մեջ եւս ես առանձնապես ոչինչ չեմ տեսնում: Մենք իրենց զորավարժություններին հետեւում ենք ուշի ուշով, պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ