Լրահոս
Օրվա լրահոսը

Ձորաղբյուրցիների այգիները չորացել են, մրգերը՝ «կուչ» եկել. ջուր չկա, որ ջրեն

Հուլիս 02,2018 22:01

Ձորաղբյուրի ամառանոցների բնակիչների աչքի առաջ այգիները չորանում են: Ջրի բացակայության պատճառով ծառ ու ծաղիկ դեղնել են, մրգերը՝ «կուչ» եկել, խոտը չորացել: Խոսքը մասնավորապես «ֆիննախի ամառանոցների» ու դրան հարակից բավականին ընդարձակ տարածքների պտղատու այգիների մասին է: Բնակիչների խոսքով` ոռոգման սեզոնը հունիսի 1-ից սկսվել է, սակայն այս տարի դեռ ոչ մի անգամ այգիները ջրի երես չեն տեսել, հավաքած անձեւրաջրերով են այգին ջրել: Նրանց խոսքով` սովորաբար, եթե վթարներ չեն լինում, գոնե շաբաթը մեկ անգամ ջուր են ստանում, մի մասն էլ ամբարում են, որ ջուր չեղած օրերը ջրեն: Այս օրերի բարձր ջերմաստիճանից այգիները, բնակիչների ներկայացմամբ, ուղղակի խանձվել են, եւ չկա մի կաթիլ ջուր, որ եղած բերքը երաշտից փրկեն: Այդտեղ հովեկներից բացի այգիներ ունեն նաեւ կենսաթոշակառուներ, որոնք բերքի սեզոնին եկամուտներ են ստանում: Բնակիչների խոսքով, ջրի վարձը պարտաճանաչ վճարում են, անգամ չստացած ջրի դիմաց: Ասում են՝ այստեղ ջուրը ոչ թե սպառած քանակության դիմաց են վճարում, այլ՝ հողակտորով:
Ջրի բացակայությունը բնակիչներին պատճառաբանում են ցանցի պարբերական վթարներով:

Ձորաղբյուրի ամառանոցներին ջուրը հատկացնում է «Ջրառ»  ՓԲԸ-ն: Մատակարարում՝ «Կոտայք» ջրօգտագործողների միությունը՝ ՋՕՄ-ը:
Aravot.am-ի հարցին ի պատասխան, «Կոտայք» ՋՕՄ-ի տնօրեն Միհրան Հովհաննիսյանը հաստատեց, որ նման խնդիրներ իսկապես առաջանում են, ասելով, որ պատճառը համակարգի մաշված ու վթարային լինելն է. «Անընդհատ վթարներ են լինում՝ պայմանավորված քառաստիճանի պոմպակայանի մաշվածությամբ: Քառաստիճանով ջուրը մինչեւ հասնում է Ձորաղբյուր, 4 պոմպերով բարձրանում է՝ Սովետաշենով, Շորբուլախով, Ողջաբերդով եւ նոր հասնում Ձորաղբյուր: Այդ ջրագծի ընդհանուր երկարությունը մոտ 23 կիլոմետրի սահմաններում է, որտեղ աշխատում են տարբեր հզորության պոմպեր եւ շարժիչներ: 4-րդ աստիճանը, որը որ ջուրը բարձրացնում է մինչեւ թափավազան, որտեղից որ արդեն սկսում է մեր սահմանազատման կետը, դա 2700 մետր է: Տարբեր անգամ տարբեր հատվածներում տեղի են ունենում վթարներ, որոնց սպասարկումն իրականացվում է  «Ջրառ» ՓԲԸ-ի կողմից»:

Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ անջատումները հիմնականում պայմանավորված են պոմպակայնը դեպի Շորբուլախ սնուցող ինչպես խողովակաշարի, այնպես էլ պոմպի կամ շարժիչների հաճախակի կրկնվող վթարներով. «Համակարգը 50-60 տարվա է, որտեղ եւ խողովակներն են փթած եւ պոմպերն են մաշված, գումարած դրան Ողջաբերդի հատվածում կրկնվող հաճախակի դարձած սողանքներն ազդում են այդ խողովակաշարի կտրման կամ անջատման վրա: Ես այդ խնդիրների շատ փոքր մասն եմ թվարկում, այդ բոլորը նպաստում են, որ հաճախակի կրկնվեն այդ վթարները: Դրա հետեւանքով ամառանոցային հատվածում, ինչու չէ նաեւ արգելոցապարկային համալիրի ոռոգման ջուրը մատակարարում ենք ոչ կանոնավոր ձեւով»:

Ինչ վերաբերում է ջրի վարձավճարներին, եւ այն հավաստիացումներին, թե ջուր ստանան- չստանան վճարում են, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ ոռոգման ջրի վարձը հաշվարկում են խորանարդ մետրով եւ 1 խմ ջրի սակագինն արժե 11 դրամ. «Չնայած մինչեւ 4-րդ աստիճանում ջուրը հասնում է մեզ, դա կազմում է 100 դրամի սահմաններում ինքնարժեքը: Անցյալ տարի 30 միլիոն դրամի ջուր ենք գնել «Ջրառ» ՓԲԸ-ից, մեր հասույթը ձեւավորվել է 2,5 միլիոն դրամ: Գանձումն իրականացվում է 11 դրամով»:

Ըստ նրա, եթե ջուրը չեն ստանում` չեն վճարում, սակայն պարոն Հովհաննիսյանը չբացառեց, որ ջուրը բաց են թողնում եւ այդպես էլ բնակիչների մի մասին չի հասնում, քանի որ. «Ջրամատակարարւմը ժամային գրաֆիկով է իրականացվում: Եթե քառաստիճանը իրականացնի անխափան ջրամատակարարում, մենք նորմալ, բնականոն ջրամատակարարում կիրականացնենք: Բայց քանի որ վթարային իրավիճակներ են լինում, եթե պոմպը պետք է աշխատեր 24 ժամ, աշխատում է 4 ժամ, եւ մինչեւ մարդիկ այգիները ջրում են ու սկսում հավաքել, մյուս թաղամասին ջուրը չի հասնում, գրաֆիկից դուրս են մնում: Երկու օր հետո 2 ժամ են ջուր ստանում, կամ երեք օր՝ ընդհատումներով»:

Մեր հարցին, թե ի՞նչ ծրագրեր կան ոռոգման խնդիրը լուծելու, հատկապես, որ մարդիկ ֆինանսական վնասներ են կրում վատ ջրամատակարարման պատճառով, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ Համաշխարհային բանկի կողմից իրականացվել են Գեղարդալճի ջրագծի վերակառուցման աշխատանքները, որի ընդհանուր երկարությունը 26 կիլոմետր է, որից 24 կիլոմետրն արդեն պատրաստ է, սակայն Գողթ համայնքի բնակիչները որոշ հատվածում խոչընդոտներ են առաջացրել ջրագծի կառուցմանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031