Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի տեսակի վախ չունեմ»․ Շիրակի մարզն արդեն 3-րդ փոխմարզպետն ունի

Հուլիս 02,2018 21:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով  այսօր 29-ամյա Արա Մելիքջանյանը նշանակվել է Շիրակի փոխմարզպետ։ Նա թվով 3-րդ փոխմարզպետն է։  Արա Մելիքջանյանը 2013 թվականից «Լոգոս» հասարակական կազմակերպության նախագահն է։

Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական էջից , նոր փոխմարզպետն ավարտել է Հոնկոնգի գիտությունների և տեխնոլոգիայի համալսարանի համակարգչային հետազոտությունների բաժինը՝ հեռաուսուցմամբ, այն հաստատված է «Օքսֆորդի» համալսարանի քննական հանձնաժողովի կողմից: Իսկ 2010-2014թթ․ սովորել և ավարտել է Գյումրու «Պրոգրես» համալսարանի տնտեսագիտական (ֆինանսներ) բաժինը:

Aravot.am-ն Արա Մելիքջանյանից հետաքրքրվեց, թե ո՞վ իրեն առաջարկեց այս պաշտոնում և  նշանակում կատարելիս՝ ի՞նչն են հաշվի առել՝ ծանոթությո՞ւնը, մտերմությո՞ւնը, թե՞ հասարակական ակտիվ գործունեությունը։

«Անկեղծ ասած առաջարկությունը եղել է տարածքային կառավարման նախարարի կողմից։ Կարծում եմ՝ ավելի ճիշտ  կլինի նախարարից հարցնել, թե ի՞նչն է եղել հիմքը, ես ինչ էլ ասեմ, կհնչի որպես ենթադրություն։ Եթե «Լոգոս»-ի կայքը նայեք, մենք ծրագիր էինք իրականացնում, ծրագրի շրջանակներում հրավիրել էինք խմբակցություններից մարդկանց, որոնք որ փորձով կփոխնակվեին մեր երիտասարդների հետ։ Եվ անցած տարի այդ առաքելությամբ մեր մոտ են եղել Սուրեն Պապիկյանը, Նիկոլ Փաշինյանը։ Որևէ անձնական հարաբերություն, ծանոթություն չկար, ընդամենը հրավեր է եղել, եկել, մասնակցել են։

Իհարկե, նորից եմ ասում՝ նշանակման հիմքերի մասին իրենք ավելի հստակ տեղեկատվություն կարող են հայտնել, ես ընդամենը ենթադրում եմ, որ հաշվի են առել ՀԿ սեկտորում իմ ակտիվ գործունեությունը, մարզի կտրվածքով «Լոգոս» իրավապաշտպան ՀԿ-ի գործունեությունը, որը ներառում է մարդու իրավունքների պաշտպանությունը, մեր կողմից իրականացվող ծրագրերը, որոնք որ միտված են եղել երիտասարդների կարողությունների հզորացմանը, ժողովրդավարական մեխանիզմների ստեղծմանն ու տարածմանը տարբեր գյուղական համայնքների շրջանում, իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը»,-նշեց նորանշանակ փոխմարզպետը։

Արա Մելիքջանյանը տեղեկացրեց, որ իր կողմից կհամակարգվի Տեղական ինքնակառավարման  և հանրապետական գործադիր մարմինների հարցերով  վարչությունը  և զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինը։ «Գիտեք, որ այն միտված է մարզի զարգացմանը, ֆունկցիան՝ նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի ներդրողները գան, նպաստել, որ համայնքներում ներդրումներ իրականացվեն, համայնքների զարգացման ծրագրերի գործընթացով, ռազմավարությամբ զբաղվել»,-ասաց նա։

Մեր զրուցակիցն ասում է, որ դժվարություններից չի վախենում, ցանկություն, սրտացավություն և աշխատասիրություն է պետք։ Ըստ նոր փոխմարզպետի, իր մոտ միշտ եղել է պարտավորվածություն ու սեր ցանկացած քաղաքացու հանդեպ՝ անկախ նրանից ՀԿ սեկտորում է աշխատում, թե պետական կառույցում։

«Եթե որևէ մեկը սիրում է իր գործը և համայնքը, պիտի ջանա, որ այդ համայնքում հնարավոր դրական փոփոխություններ բերի, և դրանք լինեն շոշափելի փոփոխություններ, չկրեն դեկլարատիվ բնույթ», -ասում է Արա Մելիքջանյանը։

«Ոչ մի տեսակի վախ չունեմ, որովհետև մարզի պարագայում լիքը գաղափարներ միշտ ունեցել եմ․ հասարակական սեկտորում աշխատելը հասարակության շրջանում խնդիրների մասին պատկերացումներ ունենալն է, խնդիրների լուծման մեխանիզմներ առաջարկելու հնարավորություն ունենալն է, խնդիրների մասին բարձրաձայնելու հնարավորություն ունենալն է, բայց երբ որ գալիս էր արդեն գործընթացը, հետամուտ պետք է լինեին, որ այդ խնդիրները լուծվեին, արդեն քաղաքական կամք էր պետք, պետք էր այնպիսի ապարատում աշխատել, որը հնարավորություն կտար խնդիրները լուծելու։ Կարծում եմ մարզպետարանում իմ կողմից ստանձնած  պաշտոնի առումով լավագույն հնարավորություն կա ներքևի հատվածից հասարակությանը հոզող խնդիրները, որին որ ասենք ՀԿ-ները տիրապետում են, արդեն որոշում դարձնել։ Այն ժամանակ լուծման ուղիները տեսնում էին, բայց տեղի իշխանությունների կողմից կամքը չկար լուծման։ Այս պարագայում կարծում եմ ավելի կհեշտացնի գործը»։

Արա Մելիքջանյանը նաև շատ կարևորեց լրատվամիջոցների հետ աշխատանքը, լրագրողների դերակատարությունը պաշտոնյայի գործունեության մեջ։  Նա ասում է՝ մեծ սիրով շարունակելու է համագործակցել լրագրողների հետ, ինչպես որ միշտ աշխատել է։ Նրա կարծիքով՝ եթե լրատվամիջոցները չապահովեին հեղափոխական գործընթացի լուսաբանումը՝ այդ պրոցեսը հաջողություն չէր ունենա։

Ի դեպ, այն հարցին, թե 3-րդ փոխմարզպետի հաստիքն արհեստածին է, քանի որ այն ստեղծվել է հատուկ Խաչատուր Վարագյանի համար, որը 2017 թվականին Ազգային ժողովի ընտրություններում ձայն էր խոստացել ՀՅԴ-ին, մեր զրուցակիցն ասաց․ «Ես իրոք նման տեղեկատվության չեմ տիրապետել, թե ի՞նչ հիմքով  է ստեղծվել՝ ԽԾԲ-ի համար, թե՞ ինչ-որ մեկին հաճոյանալու համար, բայց ասեմ՝ եթե մինչ այդ տնտեսումների, խնայողություների հաշվին է աշխատավարձ տրվել երրորդ փոխմարզպետին, հիմա նմանատիպ բան չկա,  բյուջով է հատկացումն արվում, բյուջեով է նախատեսված։ Եվ ամենակարևորը` ով էլ որ աշխատել է, կլինի պարոն Վարագյանը կամ ասենք պարոն Պետրոսյանը, իրենք եկել են, ժամանակավոր այդ պաշտոններում աշխատել, հեռացել են, սա որևէ մեկի պաշտոնը չի եղել, մենք էլ չենք եկել նրանց տեղը։ Եկել ենք փոխմարզպետ աշխատելու, այն խնդիրները լուծելու, որոնք որ հնարավոր չի եղել նախորդ իշխանությունների ժամանակ և այն տեսլականն իրականացնելու, որը որ ցանկացածս ունենք՝ սկսած մարզպետից, վերջացրած ինձանով, որևէ բաժնի աշխատակցով։ Եթե 3-րդ փոխմարզպետ ունենալը կենտրոնական իշխանության կողմից կդիտարկվի որպես հավելյալ բեռ, այդ պարագայում կվերանայեն, թեկուզ և  այսօր եղել է, վաղն էլ չի լինի, այդ պաշտոնը մենք մեր տնից չենք բերել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Արա Մելիքջանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031