Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզպետ. «Հենց հիմա էլ նույն արգելող նշանը փակցված է «Գուգարք» հյուրանոցի դիմաց, եւ դրա համար ոչ մեկը չի տուգանվում»

Հուլիս 02,2018 20:02

Այսօր աշխատանքային խորհրդակցության ժամանակ Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը մարզպետարանի աշխատակազմի վարչության պետերին ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետ Սերգեյ Սարուխանյանին: Մարզպետի տեղակալը շնորհակալություն հայտնեց իր նկատմամբ ցուցաբերած վստահության համար. «Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ աշխատելու իմ հայրենի մարզում, գործելու ի շահ մեր մարզի եւ ի բարօրություն մեր մարզի բնակիչների: Ինչպես նոր Հայաստանում, այնպես էլ Լոռու՝ մենք բոլորս պետք է աշխատենք առավել ազնիվ, անկեղծ եւ իբրեւ գործի նվիրյալներ: Վստահեցնում եմ, որ ես պատրաստ եմ այդ ամենն իրականացնել ձեր օգնությամբ»:

Այնուհետեւ մարզի ղեկավարն ըստ ոլորտների ներկայացրեց փոխմարզպետների, գլխավոր քարտուղարի եւ խորհրդականների միջեւ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ու համայնքների վերահսկողության բաշխվածությունը:

Ի տարբերություն մի քանի օր առաջ իրականացված բաշխվածության` այսօր փոխմարզպետների միջեւ ոլորտային բաժանումն այլ էր: Թե որն էր փոփոխության պատճառը, լրագրողների հետ զրույցում պարզաբանեց մարզի ղեկավարը. «Ի սկզբանե ես ասել էի, որ 2 փոխմարզպետի միջեւ բաժանումը ճիշտ չէ, երբ որ 3 փոխմարզպետները կլինեն, մենք ոլորտների բաժանումները վերջնական կիրականացնենք: Ես նախապես չէի իրականացրել բաժանում, մինչեւ 3 փոխմարզպետները նշանակված չլինեին: Հիմա աշխատել եմ ըստ ոլորտների բաժանումն անել՝ նկատի ունենալով նաեւ իրենց մասնագիտական հնարավորություններ»:

Մարզպետը պատասխանեց նաեւ լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ էր մարզպետի վարորդը կայանել մարզպետարանի մուտքի դիմաց, որի պատճառով էլ ճանապարհային ոստիկանների կողմից տուգանվեց. «Արգելող նշանի տակ գրված է՝ արգելվում է, բացի ծառայողական մեքենայից: Դա նախկինում եղել էր, չգիտեմ ինչ պատճառներով այդ պահին այդտեղից հանվել էր: Բայց 20 տարի նույն մեքենաներն այդտեղ կայանել են: Քանի որ նշանը հանված էր, ես տեսա, որ իրականում խախտումը կա, բայց ոչ թե մարզպետի, այլ մարզպետի ծառայողական մեքենան վարող վարորդի կողմից: Եվ վճարումն իրականացվել է, քանի որ մարզպետի վարորդը ոչ մի առավելություն չունի, բոլորը հավասար են օրենքի առաջ: Հենց հիմա էլ նույն արգելող նշանը փակցված է «Գուգարք» հյուրանոցի դիմաց, եւ դրա համար ոչ մեկը չի տուգանվում: Երեւի միակ տուգանվողն իմ վարորդն է եղել, բայց ես օրենքը հարգող մարդ եմ, մենք կվճարենք, օրինակ կծառայենք, որ մնացածը չխախտեն օրենքը: Բոլորը պետք է իմանան, որ օրենքը խախտելուց հետո պետք է նաեւ պատասխան տան»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031