Այսօր կառավարությունում վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հանդիպեց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրեցին իրենց առաջարկությունները՝ Ընտրական նոր օրենսգրքի հետ կապված:
Եզդիական համայնքը ներկայացնող Ռուստամ Բաբայանն ասաց. «Եզդիական համայնքը, ենթադրենք, ցանկանում է X մարդը գնա ԱԺ, կուսակցությունը տանում է Y-ին, ո՞նց է կարգավորվելու էդ հարցը: Անունը դրվելու է, որ եզդիական համայնքի ներկայացուցիչը, բայց արդյո՞ք ազգային փոքրամասնության ձայնն ապահովում են այդ մարդիկ, ոնց որ նախորդի նման պատվիրված էր, հիմա էլ ասելու են՝ Պողոսը պետք է գա, այդպես լինի: Սուբյեկտիվ մոտեցում կա այդտեղ»:
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից ոմանք սատարեցին այդ տեսակետը՝ ասելով, որ երբ կուսակցական ցուցակով են մասնակցում իրենք ընտրությունների, հետո տվյալ մանդատ ստացած պատգամավորը կուսակցական շահերն է պաշտպանելու, ոչ թե ազգային փոքրամասնությունների:
Դանիել Իոաննիսյանը պատասխանեց՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունը շահագրգռված է ցուցակում ներառել այն մարդկանց, ովքեր ունեն առավել մեծ հեղինակություն, ո՞րն է կուսակցության մոտիվացիան ցուցակում ներառել պակաս հեղինակավոր մարդու, եթե մենք խոսում ենք մրցակցային, ազատ եւ արդար ընտրությունների մասին: Կուսակցությունն ինքն է շահագրգռված, որ ամենահեղինակավոր քրդին, ասորիին բերի, որ այդ համայնքը ձայն տա իրեն:
Կարդացեք նաև
Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն ասաց, որ ամենաիդեալական պայմաններում հնարավոր չի ունենալ որեւէ համայնքի ներկայացուցիչ, որը համայնքի հարյուր տոկոսանոց մանդատը կունենար. «Այդ նպատակադրումը դնել, ասել, որ այս իքս թեկնածուն պիտի ամբողջ համայնքը ներկայացնի, դա ուղղակի հնարավոր չէ որեւէ մեխանիզմով: Դա ժողովրդավարությանը դեմ է, մենք չենք կարող ակնկալել, որ ինչ-որ խմբի մարդիկ բոլորը նույն տեսակ են մտածում: Մեզ մնում է ապավինել ընդհանուր ժողովրդավարության տրամաբանությանը, ինչի մասին խոսում է Իոաննիսյանը: Պետք է պայմաններ ստեղծել եւ խթանել կուսակցությանը, որ իրենք պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց ցուցակներին: Մանդատները բաշխելու պրոցեսում նույնպես առավելություններ լինեն, կուսակցությունները շահագրգռված լինեն եւ նաեւ մրցակցության մեջ մտնեն, ամեն ազգային փոքրամասնության ձայների համար պայքարի մեջ մտնեն»:
Առաջարկ եղավ Ռումինիայի օրինակը կիրառել, ասվեց, որ այնտեղ ազգային փոքրամասնութունները առանձին կուսակցություն են ստեղծում եւ այդ կուսակցության համար արտոնություններ են սահմանվում, այսինքն, անցողիկ շեմն ընտրվում է 1 տոկոսը:
Բայց Իոաննիսյան ասաց, որ այս դեպքում պետք է հաշվի առնել, որ ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների վիճակն այլ է, քան այդ երկրում, Հայաստանի նման երկիր այդ առումով չկա:
Վիգեն Քոչարյանն ասաց, որ ազգային փոքրամասնությունների հարցը պետք է լուծել այնպես, ինչպես կանանց ներգրավածության հարցն է լուծվել. «Քվոտա է տալիս, որ, ասենք 30 տոկոսը պետք է լինեն կանայք, եւ համապատասխանաբար պարտադրում են կուսակցություններին, որ յուրաքանչյուր 3-րդ թեկնածուն պետք է լինի կին: Հիմա պատկերացրեք այս մոդելը կիրառենք՝ ստեղծենք կանանց առանձին ցուցակ եւ կանանց ասենք, թե կոնկրետ որ կնոջն են իրենք ուզում, ինձ թվում է այդ գաղափարն այնքան էլ հաջող չի»:
Քննարկումից հետո մեզ հետ զրույցում Դանիել Իոաննիսյանը հարցին՝ ի՞նչ լուծման հանգեցիք, մոտեցումները հակասական էին, պատասխանեց. «Ինձ համար ակնհայտ էր ի սկզբանե, որ մենք չենք ունենա մի տարբերակ, որը բոլորին ձեռք կտա, եւ բոլորը կլինեն միակարծիք: Ու դա նորմալ է: Հիմա մենք պետք է գտնենք մոտեցում, որը հա՛մ բխում է Սահմանադրությունից, հա՛մ իրագործելի է տեխնիկապես, հա՛մ ամենալայն սատարումը կունենա»:
Իոաննիսյանն ասաց, որ քվոտավորման տարբերակը շատերն են սատարում. «Անձամբ ես հակված եմ քվոտաների տարբերակին, որ ցուցակում ամեն 20-րդ կամ այլ համարը լինի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ: Այս հարցը հանձնաժողովում դեռ չի քննարկվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ