Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կնյազ Հասանովի ուշագրավ առաջարկը Ընտրական նոր օրենսգրքի համար՝ մեզ ընդգրկեք իշխանական կուսակցությունում, որ հարցեր լուծենք

Հուլիս 02,2018 18:52

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հանդիպեց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ եւ լսեց նրանց մոտեցումը՝ Ընտրական օրենսգրքի նախագծի հետ կապված:

Քննարկման ժամանակ Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահ Սաիդ Ավդալյանն ասաց, որ համաձայն են, ընտրությունները թող անցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով, բայց ազգային փոքրամասնությունների համար դա դառնում է համեղ պատառ. «Մենք 35-40 հազարանոց համայնք ենք, կուզենանք, որ համամասնական փակ ցուցակը չկիրառեք եւ այն մարզերում, որտեղ կան եզդի բնակիչներ, քվեարկեն կուսակցության օգտին եւ նաեւ պահանջեն ընտրական հանձնաժողովներից առանձին քվեաթերթիկ՝ ազգային փոքրամասնությունների համար: Սա հնարավորություն կտա, որ իրական համայնքը ներկայացնողը ընտրվի, ոչ թե կուսակցությունը իր ցուցակում ում ընդգրկեց՝ նա»:

Այս տարբերակին հակադարձեցին՝ ասելով, որ ինչպե՞ս կարող է մի տեղամասում մի ընտրողն ունենա երկու ձայնի իրավունք՝ մի հատ կուսակցությանն ընտրի, մի հատ էլ ազգային փոքրամասնության համայնքի ներկայացուցչի:

Ինչպես տեղեկացրել ենք ավելի վաղ, քնարկվում է երկու տարբերակ, ու տարբերակներից մեկն էլ այն է, որ կուսակցությունները ունենան երկրորդ ցուցակ՝ ազգային փոքրամասնությունների ցուցակ, բայց տեղերի բաշխումը տեղի ունենա ոչ թե այնպես, ինչպես գործող Ընտրական օրենսգրքով է սահմանված, այլ՝ օրինակ, ԱԺ-ի եզդիական տեղի համար ընտրված համարվի այն կուսակցության եզդի թեկնածուն, որը եզդիներով առավելապես բնակեցված ընտրատեղամասերում կհաղթի: Քրդական համայնքի ներկայացուցիչ պատգամավոր Կնյազ Հասանովը հակադարձեց՝ ասելով, որ կարող է կոմպակտ մի տեղ չլինեն ու դժվար է որոշել, որ որ բնակավայրերն են, ասենք, ռուսներով առավել բնակեցված: Ուշագրավ էր նրա առաջարկը՝ Ընտրական օրենսգրքում ամրագրելու: Ըստ Հասանովի, ազգային փոքրամասնությունները պետք է ավելի շատ ընդգրկված լինեն իշխանության կուսակցության մեջ, որովհետեւ իրենց հարցերը իշխանությունների առջեւ են բարձրաձայնում ու ուզում են դրանք լուծում ստանան, իսկ եթե ընդդիմության մեջ ընդգրկված լինեն, չեն կարող իրենց հարցերը «ընդդիմադիրի կարգով» բարձրացնել:

Դանիել Իոաննիսյանը միանգամից պատասխանեց, որ նման առաջարկն անընդունելի է, որովհետեւ կարող է մեկն ընդդիմադիր հայացքներ ունի, ինչպե՞ս կարող են պարտադրել, որ իշխանական ցուցակում լինի:

Մյուս մասնակիցները եւս Հասանովի այդ առաջարկը չընդունեցին՝ փաստարկելով, որ  ԱԺ-ն քաղաքական հայացքների տեղ է, ինչո՞ւ պարտադրեն իշխանական թեւի մեջ լինի:

Հանրային կառավարման մասնագետ Վարդինե Գրիգորյանն ասաց, որ Հասանովի առաջակն ընդունելը քաղաքական իրավունքների ոտնահարում կլինի, իսկ իրենք առաջարկում են հետեւյալը. «Երկու տարբերակ կար, մեկը ԱԺ կանոնակարգի հետ է կապված՝ ընտրվելու ավելի փոքր շեմ հաստատվի այն կուսակցությունների համար, որոնք ԱԺ-ում ներկայացնում են ազգային փոքրամասնություններ եւ նրանց տրվի նախապատվություն, հնարավորություն՝ ներգրավելու հանձնաժողովներում: Օրինակ, կրթության, գիտության, մշակույթի հարցերի հանձնաժողովում անպայման պետք է ընդգրկվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ: Երկրորդ տարբերակը այն էր, որ կուսակցությունների փակ ցուցակը կարող է բաղկացած լինել երկու մասից, երկրորդ մասում ներկայացվեն ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ: Նրանք կարող են ներկայացված լինել ցուցակի երկու մասում էլ: ԱԺ ընտրությունների արդյունքում 20 եւ ավելի մանդատ ստացած ուժի մանդատներից առնվազն մեկը տրվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցչի եւ այդպես յուրաքանչյուր 20 մանդատի համար: Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ չպետք է կուսակցությանը առավելություն տալ՝ նրան լրացուցիչ մանդատ շնորհելով՝ ազգային փոքրամասնությանը ներգրավելու համար, այդ արտոնությունն արդարացված չէ, քաղաքական դիսբալանս է ստեղծվում: Այսինքն, ազգային փոքրամասնությունները պետք է ընգրկված լինեն ընդհանուր պատգամավորական թվի մեջ: Բայց եթե կուսակցությունը չունի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, մանդատը փոխանցվում է այլ կուսակցության ներկայացուցչին: Կուսակցությունը շահագրգռված է, որ ունենա: Սա հնարավորություն կտա ապահովել ներկայացվածություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031