Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«2 տարի է՝ նստած եմ, էլ ինչի՞ համար նստեմ»․ «Միայնակ Գայլի» եղբայրը վրդովված հեռացավ Շիրակի դատարանի դահլիճից

Հուլիս 02,2018 17:48

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ա․ Թադևոսյանի նախագահությամբ քննվելու էր «Սասնա ծռեր» խմբի անդամներից «Միայնակ Գայլի» եղբորը՝ Արարատ Խանդոյանին պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը։ Դատարանին նման միջնորդություն ներկայացրել էր նրա փաստաբանը՝ Արա Ղարագյոզյանը։

Հիշեցնենք, որ Արարատ Խանդոյանը 3,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել․ նա մեղադրվում է ՊՊԾ գնդի գրավման հաջորդ օրերին, ավելի կոնկրետ հուլիսի 20-ին ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու եւ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Գործով տուժող է ճանաչվել 46 ոստիկան:

Արարատ Խանդոյանին դատարանի դահլիճում հարազատները, բարեկամները, համակիրները դիմավորեցին ծափողջյուններով։

Նիստը, սակայն, հետաձգվեց դատախազ Կիրակոսյանի չներկայանալու պատճառով։ Դատավորը ընթերցեց դատախազի գրությունը, որով նա տեղեկացնում էր, թե աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով չի կարող մասնակցել հիշյալ դատական նիստին։ Սա զայրացրեց ինչպես Արարատ Խանդոյանին, այնպես էլ դահլիճում ներկա գտնվողներին։

Արարատ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը քննադատեց դատախազի չներկայանալը՝ նշելով, որ դա կամայական վերաբերմունք է։ Ըստ նրա, ինքն էլ շատ ծանրաբեռնված է այլ դատական նիստերով, բայց հաշվի առնելով իր պաշտպանյալի առողջական վիճակը ու գործի կարևորությունը՝ պարտադիր ներկայացել է։

Արարատ Խանդոյանն էլ ասաց, որ նիստը կարելի է շարունակել առանց դատախազի, քանի որ վերջինս հնարավոր է մի տարի շարունակ չմասնակցի նիստերին։ Նա ևս քննադատեց դատախազին։ «Ասում են իրավիճակ է փոխվել, բայց ի՞նչ իրավիճակ է փոխվել, ոչ մի իրավիճակ էլ չի փոխվել․ նույն հոգեբանությունն է, նույն արյուն խմելն է»- ասաց Արարատ Խանդոյանը։

Նա զայրացավ ու այլևս չսպասելով դատավորի որոշմանը՝ դուրս եկավ դահլիճից։ Երբ դատավորն ասաց․ «Մի րոպե նստեք», վերջինս մի պահ հետ եկավ ու արձագանքեց․ «Ինչի՞ համար, երկու տարի է՝ նստած եմ, էլ ինչի՞ համար նստեմ»:

Պաշտպան Արա Ղարագյոզյանը դատարանին խնդրեց ներողամիտ լինել, քանի որ իր պաշտպանյալը գտնվում է ծանր հոգեվիճակում, նաև առողջական խնդիրներ ունի։

Դատավորն ասաց, որ այսօր 46 տուժողներից դատարան են հրավիրել 20-ին, որոնք չեն ներկայացել։ Փաստաբանը, սակայն, նշեց, որ քրեական գործի քննության ընթացքում 46 տուժողներից և ոչ մեկը որևէ պահանջ իր պաշտպանյալին չի ներկայացրել։ Փաստաբանի կարծիքով՝ չարժի որ դատարանը ծանրաբեռնվի տուժողներին հրավիրելով ու լսելով։ Սակայն, դատավորը որոշեց հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց հուլիսի 12-ին՝ ժամը 12-ին, ապահովել ինչպես դատախազի ներկայությունն, այնպես էլ տուժողների։

Արարատ Խանդոյանի մայրը՝ տիկին Ռիման, ևս շատ վրդովված էր դատախազի չներկայանալուց: Նա, դուրս գալով դատարանի դահլիճից, ասաց․ «Թալանչիները, որ քանդել են Հայաստանը, նրանց դատ չի հասնո՞ւմ: Ո՞ր մի ծնողն է իր չորս տղաներին միանգամից ուղարկում հայրենիքի պաշտպանության։ Հազար դատախազ լինի, ղուրբան լինեն իր կորցրած որդու շիրիմին։ Հերոսներին նստեցրել են, թալանչիներին թողել: Իմ երեխան հիվանդացել է, ձեռնափայտով է քայլում, պատճառն ի՞նչ է, ինչի՞ համար»:

Փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ հենց առաջին պահից իրենք հայտարարել են, որ Արարատ Խանդոյանը ենթարկվել է քաղաքական հետապնդման, նրան 3,5 տարի ազատազրկման են դատապարտել՝ առանց հիմնավոր ապացույցների: Իսկ այժմ, ըստ փաստաբանի, դատախազի կամայական վերաբերմունքի, անհիմն ձգձգման պատճառով չի քննարկվում նրա վաղաժամկետ ազատ արձակման հարցը։ Փաստաբանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է:

Արա Ղարագյոզյանը գտնում է, որ իրադրություն է փոխվել երկրում, և բոլոր քաղբանտարկյալները պիտի ազատ արձակվեն։ Փաստաբանն ասաց, որ Արարատ Խանդոյանը, լինելով պատերազմի մասնակից, ուներ որոշակի առողջական խնդիրներ, սակայն քրեակատարողական հիմնարկներում նոր առողջական խնդիրներ ձեռք բերեց: Փաստաբանի ներկայացմամբ՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում նրան խոշտանգումների էին ենթարկել․ամսեամիս առողջական վիճակը վատացավ, նա հիմա ձեռնափայտով է, ժամ առաջ պետք է ազատ արձակվի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031