Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ. կոռուպցիայի արդյունավետ հակազդման գործում գնալով ավելի է կարևորվում միջազգային իրավական համագործակցությունն ու ուժերի համատեղումը

Հուլիս 02,2018 16:36

Հուլիսի 2-ին Երևանում կայացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը, որին, բացի Հայաստանից, մասնակցել են անդամ մյուս երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի դատախազությունների, Ղազախստանի պետական ծառայության և կոռուպցիայի հակազդման գործերով գործակալության պատվիրակությունները:

Մինչ նիստի մեկնարկը Խորհրդի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը, մեծապես կարևորել է կոռուպցիայի, որպես գլոբալ մարտահրավերի, դեմ պայքարում ԱՊՀ երկրների ուժերի համատեղումը և այդ նպատակով կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի շրջանակներում համագործակցության արդյունավետ կառուցակարգերի գործարկումը: ՀՀ վարչապետը հաջողություններ է մաղթել Խորհրդի մեկնարկող աշխատանքներին:

Նիստի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարում անդամ երկրների միջև համագործակցության արդյունավետության բարձրացման մեթոդներին առնչվող հարցեր, ինչպես նաև Միջպետական խորհրդի նախորդ նիստին ընդունված՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված որոշումների իրականացման արդյունքները, կոռուպցիայի հակազդման ոլորտում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության համաձայնագրի նախագծի շուրջ ընթացող աշխատանքները: Վերջինս ուղղված է ԱՊՀ-ի շրջանակում կոռուպցիայի հակազդման իրավա-կազմակերպական հիմքերի ստեղծմանը, այս ոլորտում անդամ երկրների փոխգործակցության սկզբունքների, նպատակների հստակեցմանը:

Իր ելույթում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ ձեռք բերելով անդրազգային բնույթ՝ կոռուպցիան դադարել է լինել միայն երկրների ներքին խնդիրը: Այդ տեսանկյունից, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, կոռուպցիայի արդյունավետ հակազդման գործում գնալով ավելի է կարևորվում միջազգային իրավական համագործակցությունն ու ուժերի համատեղումը, ուստի Հայաստանի դատախազությունը պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ չարիքի դեմ համընդհանուր պայքարին միտված համատեղ աշխատանքում: Արթուր Դավթյանը շեշտել է անդրազգային մակարդակում կոռուպցիայի դեմ համակարգված պայքարում անդամ երկրների միջև փորձի և տեղեկատվության ակտիվ փոխանակումը:

Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը ներկայացրել է Հայաստանում վերջերս ինչպես ինստիտուցիոնալ մակարդակով, այնպես էլ քրեաիրավական ոլորտում իրականացված բարեփոխումները, որոնք արդեն սկսել են իրական արդյունքներ ապահովել: Մասնավորապես նշվել է կոռուպցիոն հանցագործությունների դասակարգումը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու, ապօրինի հարստացումը քրեականացնելու, հակակոռուպցիոն մարմին ստեղծելու, «ազդարարի» ինստիտուտ ներդնելու, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների համակարգված աշխատանքների ակտիվացման արդյունքների մասին:

Նիստի մասնակիցները հաստատել են համատեղ գործունեության առաջիկա տարվա պլանը, ընդունել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի և ԱՊՀ գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի միջև համագործակցության համաձայնագիրը: Նմանատիպ փաստաթուղթ է ստորագրվել նաև Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի և ԱՊՀ անդամ երկրների ֆինանսական հետաքննության մարմինների համակարգող խորհրդի միջև:

Հանդիսավորությամբ տրվել է կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ընկալումների ձևավորմանը միտված՝ «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի միջազգային երիտասարդական մրցույթի մեկնարկը: Վերջինիս շրջանակում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի 14-ից 35 տարեկան մասնակիցներին առաջարկվում է մինչև այս տարվա հոկտեմբերի 19-ը պատրաստել և ներկայացնել նշված խորագիրը կրող պաստառներ և տեսանյութեր:

Կանոնադրությամբ սահմանված կարգով մեկամյա ժամկետով ընտրվել է Միջպետական խորհրդի նոր ղեկավար կազմ. այդ ժամկետով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընտրվել է Խորհրդի նախագահ:

Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013թ. հոկտեմբերի 25-ին` ԱՊՀ վեց պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի միջև:

  ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031