Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն անգամ զինվորների համար ճաշ լցնելիս ինձ թվում է, թե տղայիս համար է». Նորակոչիկի մայր

Հուլիս 02,2018 16:10

Վանաձորցի Լիանա Մեհրաբյանը զինվորական է: Աշխատում է տեղի զորամասերից մեկի ճաշարանում: Ասում է՝ յուրաքանչյուր զինվորի վերաբերվում է իր տղայի պես, յուրաքանչյուրին փորձում կերակրել մայրական հոգատարությամբ: Այսօր մեկնարկող ամառային զորակոչին հայրենիքի սահմանները պաշտպանելու մեկնեց նաեւ տիկին Լիանայի որդին. «Այսքան տարի պահում, մեծացնում ես, եւ հիմա շատ դժվար է ուղարկել բանակ: Շատ եմ հուզված, նույնիսկ խոսել չեմ կարող, բայց նաեւ հպարտ եմ, որ բանակում զինվոր ունեմ: Ես ինքս զինծառայող եմ, զորամասի ճաշարանում եմ աշխատում: Այն ժամանակ էլ զինվորներին լավ էի նայում, հիմա առավել եւս պետք է ուշադիր լինեմ: Ամեն անգամ զինվորների համար ճաշ լցնելիս ինձ թվում է, թե տղայիս համար է: Առաջին հերթին խորհուրդներ ենք տվել, իսկ ամենակարեւորը, որ խաղաղություն լինի երկրում»:

Տղաների համար բանակը կյանքի մի նոր փուլ է, որտեղ ավելի են կոփվում. «Ուրախությամբ եմ գնում բանակ: Իմ երկու եղբայրներս ծառայել են, հիմա ես եմ գնում ծառայության: Միայն ցանկանում եմ, որ խաղաղություն լինի»,- ասում է նորակոչիկ Կորյուն Հակոբյանը:

Կորյունի ու մյուս տղաների հետ ծառայության մեկնող Գոռ Հովակիմյանն էլ խորհուրդներն արդեն ստացել է թե՛ ընկերներից, թե՛ հարազատ-բարեկամներից. «Բարձր տրամադրությամբ եմ գնում ծառայության: Հուզմունք չկա, տրամադրված եմ, որ լավ ծառայեմ: Խորհուրդներ արդեն տվել են, բոլորի տված խորհուրդներն էլ պետք կգան: Բանակն իսկապես պետք է, ծառայելով տղան ավելի է տղա դառնում: Բոլորին բարի ծառայություն եմ մաղթում, Աստված մեզ բոլորիս հետ»:

Տղաների հարազատներն ու բարեկամներն էլ մի վերջին անգամ փորձում են իրենց հորդորներով ու խորհուրդներով ճանապարհել բանակ: Իսկ գլխավոր մաղթանքը՝ «բարի վերադարձն» է. «Ես խորհուրդ եմ տվել, որ ծառայեն պատվով ու պատվով էլ վերադառնան տուն: Գիտեմ, որ իմ թոռնիկս հուսախաբ չի անի մեզ: Բոլորին ցանկանում եմ անամպ երկինք, բարի ծառայություն ու բարի վերադարձ»,- ասում է նորակոչիկի պապիկ Ռոմիկ Ոսկանյանը:

Վանաձորի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արտյոմ Անտոնյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ծառայության մեկնող բոլոր տղաներն անցել են համապատասխան բուժզննում եւ պատրաստ են մեկնելու ծառայության: Նրա խոսքով՝ նորակոչիկների մոտ տարածված է եղել անձի ինքնավնասման դեպքերը: Ասում է, այս տարի նվազել են նմանօրինակ դեպքերը. «Երեխաներին, որ նայում ենք, տեսնում ենք, որ հասկացել են, որ ինքնավնասումներ չպետք է կատարեն: Այս տարի էլ կան նման դեպքեր, բայց ի տարբերություն նախորդ տարիների՝ քիչ են: Հոգեբուժական հետազոտությունների արդյունքում պարզ է դառնում, կմեկնեն ծառայության, թե ոչ: Ավելի շատ տարածված հիվանդությունների թվում է նաեւ կրծքավանդակի սկալյոզի, կեֆոզի ախտանշանները: Սրա պատճառն էլ այն է, որ փոքր հասակում երեխաները չեն զբաղվել ֆիզիկական վարժություններով, եւ իրենց մոտ առաջանում է ողնաշարի դեֆորմացիա: Իսկ, ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորմալ է, խնդիրներ չունենք»:

Վանաձորի զինվորական կոմիսարիատից ամառային զորակոչի առաջին օրը Հայոց բանկի շարքերը համալրելու մեկնեցին 37 նորակոչիկներ:

 

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031