Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամուլսարի ցույց անող աշխատակիցները Նիկոլ Փաշինյանին հիշեցրին, որ երկու ամիս նրա կողքին են եղել

Հուլիս 02,2018 16:01

«Մենք ենք տերը մեր հանքի» վանկարկումներով, «Ամուլսարի աշխատակիցները լավագույն բնապահպաններն են», «Բոլոր հանքերը թող նմանվեն Ամուլսարին» բովանդակությամբ ցուցապաստառներով, այսօր կառավարության շենքի առաջ բողոքի ցույց էին անում «Լիդիան Արմենիա» ընկերության՝ Ամուլսարի աշխատակիցները՝վարչապետ Փաշինյանին հորդորելով միջամտել եւ դեպի հանք տանող ճանապարհը բացել:
Ամուլսարի աշխատակիցների խոսքով, Ջերմուկի մի խումբ քաղաքացիների, նաեւ այլ մարզերից եկած մարդկանց, բնապահպանների կողմից մեկ ամսվա մեջ արդեն մի քանի անգամ փակվել է՝ խոչընդոտելով հանքի բնականոն շինարարական աշխատանքները: Տասն օրից ավելի է՝ հանք տանող ճանապարհն ընդհանրապես փակ է:

«Եթե հանքը կարելի է անվտանգ շահագործել, ինչո՞ւ պետք է մենք շարունակենք աղքատ ապրել, գործազուրկ մնալ ու չօգտվել այն հարստությունից, որը մեզ տվել է բնությունը»,-ասում էին ցուցարարները՝ վստահեցնելով, որ ընկերությունը լավ է վարձատրում եւ աշխատանքային նորմալ պայմաններ է ապահովում:

Հանքում աշխատում են Վայոց ձորի Ջերմուկ, Սարավան, Գնդեվազ եւ այլ համայնքներից: Նրանք այսօր նամակներ հանձնեցին վարչապետին եւ բողոքի ցույցն ավարտեցին:

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն ասաց, որ իրենք վարչապետից ոչ թե պահանջում են, այլ՝ հորդորում, որ ճանապարհները բացեն եւ վերականգնվի օրինականությունը. «Մենք վստահում ենք վարչապետին, ինքը բազմիցս ասել է, որ նման քայլերի չդիմեն»:

Հանքի աշխատակիցների ներկայացմամբ, հարակից բնակավայրերից հարյուրավոր քաղաքացիներ են աշխատում հանքում, սակայն նրանց կարծիքը որեւէ մեկը հաշվի չի առնում. «Մենք բաց ենք, թափանցիկ ենք, բոլոր տեսակի ֆինանսական ստուգումներ, աուդիտ, նույնիսկ ԱԱԾ, բոլոր տեսակի ստուգումները կարող են անցկացվել մեզ մետ: Շեշտվում է, թե թույլտվությունները ստացել ենք նախկին կառավարության օրոք, հարգելիներս, նախկինններն էլ մեզ մի քանի անգամ մերժել են, որոշ ռիսկեր տեսնելով Որոտանի, Արփա-Սեւանի հատվածում: Մեր ներդրողները միջազգային ընկերություններից են, նրանք տարեկան երկու անգամ աուդիտներ են անցկացնում եւ մենք, ուզենք թե չուզենք, պետք է պահպանենք բոլոր նորմերը եւ բնապահպանական ռիսկերը»:

Ընկերության աշխատակիցները հայտարարեցին, որ ընկերության դեմ նպատակուղղված, լավ ֆինանսավորված հակաքարոզչություն է իրականացվում:
Ըստ տնօրենի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ամուլսարի հանքի հետ որեւէ կապ չունի եւ 3 ամիս ընդամենը եղել է խորհրդի անդամ՝ մինչեւ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պարտականություններին անցնելը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031