Հուլիսի 2-ից մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որը կտեւի մինչեւ հուլիսի 6-ը: Այդ առիթով հրավիրված ասուլիսին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը, փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը, աշխարհահռչակ ջութակահար Նիկոլայ Ցնայդերը եւ Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու մրցույթի առաջին մրցանակակիր, դաշնակահար Դենիս Կոժուխինը մանրամասներ ներկայացրին փառատոնից:
Սերգեյ Սմբատյանի բնորոշմամբ, լիարժեք հագեցած ծրագրով փառատոն է լինելու, որտեղ ամեն օր նվագախումբը հանդես է գալու տարբեր ծրագրերով:
Կոնստանտին Իշխանովը հայտնեց, որ հաճելի է համագործակցել Հայաստանի` մասնավորապես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: Կոմպոզիտոր Ալեքսեյ Շորն էլ, որի հայրը ժամանակին ապրել է Հայաստանում, ասաց, որ անցյալ տարի եւս եղել է Հայաստանում` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հրավերով, դարձյալ «Արմենիա» միջազգային փառատոնի շրջանակում եւ հրաշալի տպավորություններ ունի, ինչպես նվագախմբից, այնպես էլ Հայաստանից:
Դենիս Կոժուխինը խոսեց այս տարվա ապրիլին Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ ունեցած համերգի մասին, որտեղ որպես մենակատար էր հանդես եկել:
Նիկոլայ Ցնայդերն ասաց, որ ուրախ է լինել Հայաստանում եւ մեծ ակնկալիքներ ունի փառատոնի հետ կապված: Հայ կոմպոզիտորներից էլ առանձնացրեց Արամ Խաչատրյանին:
Սերգեյ Սմբատյանը նշեց, որ իրենք փառատոնային մեծ հավակնություններ ունեն, քանի որ ուզում են, որ Հայաստան այցելող մարդիկ վստահ լինեն, որ մեր երկրում կարող են լսել բարձրակարգ դասական երաժշտություն եւ հանդիպել երաժշտության ոլորտի անվանի դեմքերի: Նա կարեւորեց մշակութային զբոսաշրջության դերակատարությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ