Կոտայքի մարզի Հրազդան համայնքի արդեն նախկին քաղաքապետ (սկսել է պաշտոնավարել 2002թ.-ից) Արամ Դանիելյանի հրաժարականը պայմանավորված է ոչ թե նոր քաղաքական իրադրությամբ, այլ այն հանգամանքով, որ վերջինս ցանկանում է երիտասարդ սերնդին եւս աշխատելու հնարավորություն տալ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հրազդանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Ալվինա Զաքարյանը:
Հիշեցնենք՝ ավագանին այսօրվա նիստում «կողմ» է քվեարկել Դանիելյանի հրաժարականի դիմումին:
«Նա հետագայում եւս աշխատելու հարցում որեւէ խնդիր չի տեսնում»,-վստահեցրեց Ալվինա Զաքարյանը: «Նա միշտ աշխատել է հանուն Հրազդանի զարգացման եւ երկրի նոր քաղաքական ղեկավարության հետ որեւէ խնդիր չի տեսնում: Նա միշտ պատրաստակամ է եղել աշխատել ցանկացած ղեկավարության հետ»,-նշեց մեր զրուցակիցը:
Տիկին Զաքարյանը նաեւ հայտնեց, որ Արամ Դանիելյանը ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցնելու դիմում չի գրել. «Նման բան չկա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ