Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր խախտումներ հոգեբուժարանում․ որոշ անձինք բուժում են ստանում առանց իրենց համաձայնության

Հուլիս 02,2018 15:23

Հունիսի 27-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հատուկ հանձնարարությամբ չհայտարարված այց են կատարել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»: Այցի ընթացքում ուսումնասիրվել են կենտրոնի մի շարք բաժանմունքներ, առանձնազրույցներ են իրականացվել այնտեղ պահվող անձանց հետ և ուշադրություն է դարձվել նրանց առնչվող փաստաթղթերին:

Այցի ընթացքում պարզվել է, որ հոգեբուժական կազմակերպությունում պահվում են անձինք, ովքեր ստացիոնար բուժում են ստանում առանց իրենց, իսկ առանձին դեպքերում՝ առանց օրինական ներկայացուցչի համաձայնության: Պարզվել է նաև, որ բուժում ստանալուց հրաժարվելու հարցը օրենքով սահմանված կարգով քննարկման առարկա չի դարձել, չի հրավիրվել հոգեբուժական հանձնաժողով՝ վերջիններիս ստացիոնար բուժման անհրաժեշտությունը քննարկելու համար:

Ստացվում է՝ անձանց նկատմամբ իրականացվում է հարկադիր բուժում, այսինքն՝ բուժում առանց անձի իրազեկված համաձայնության և (կամ) դատարանի համապատասխան ակտի:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոսպիտալացման և բուժման վերաբերյալ իրազեկված համաձայնության հարցն ունի հատուկ կարևորություն: Անձը պետք է հնարավորություն ունենա մատչելի բացատրությունների հիման վրա իր դիրքորոշումն արտահայտել այս հարցերից յուրաքանչյուրի վերաբերյալ:

Կատարված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է նաև, որ հոգեբուժական կազմակերպությունում շարունակում են կիրառվել ֆիզիկական զսպման միջոցներ (ռետինե գոտիներ և այլն)՝ ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պահանջների խախտմամբ: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանցից մեկի պնդմամբ՝ իր նկատմամբ ֆիզիկական զսպում կիրառվել է այլ անձանց ներկայությամբ՝ ընդհանուր հիվանդասենյակում:

Առանձնազրույցների ընթացքում պարզվել են տեղեկություններ, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց չի տրամադրվում բացօթյա զբոսանքի դուրս գալու հնարավորություն։

Պարզվել է, որ բաժանմունքներից մեկում զբոսանքի դուրս բերման մատյան չի վարվում: Մեկ այլ բաժանմունքում մատյանը վարվում է թերություններով և ոչ հետևողական:

Այցի ավարտին արձանագրված բոլոր խախտումները քննարկվել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» վարչակազմի հետ: Արձանագրված խնդիրների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված խնդիրների լուծմանը նպաստելու և իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031