Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավար Ռազմիկ Մարգարյանը չի ցանկանում հրաժարվել գյուղապետի աթոռից: 62-ամյա գյուղապետը Եղեգնուտը ղեկավարում է 1985թ-ից: Այսօր, մի խումբ եղեգնուտցիներ փողոց էին դուրս եկել՝ պահանջելով գյուղապետի հրաժարականը. «Մենք ցանկանում ենք, որ ներկայիս գյուղապետը հրաժարական տա, դուք պատկերացնում եք, ինքը հայտարարել է, որ ծառայել է իշխանություններին ու այդ իշխանությունների հետ խոշտանգել է բնակիչներին: Մենք հիմա թեկնածու չունենք, երբ ինքը հրաժարական կտա, կնստենք ու մեր թեկնածուին կորոշենք»:
Եղեգնուտի համայնքապետն ասում է՝ ինքը անկուսակցական է. «Ես հանրապետական կուսակցության անդամ չեմ, ես ոչ մի կուսակցության մեջ չեմ մտել, բացի կոմունիստական կուսակցությունից, որը անցել եմ բանակում 1977թ-ին: Այսօր կոմունիստական կուսակցության անդամ էլ չեմ: Կոմունիստական կուսակցություն կա՞, որ մնամ կամ, որ մնամ՝ ի՞նչ անեմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ռազմիկ Մարգարյանը:
Ռազմիկ Մարգարյանը գիտի, թե ով է այսօրվա բողոքի ակցիայի կազմակերպիչը, որն էլ օգտվում է երկրում տիրող իրավիճակից եւ օգտագործում հեղափոխության տեխնոլոգիաները՝ ընտրվելու համար:
«Համագյուղացի է, Թալինից է եկել 1950-ականներին: Նա Մկրտչյան Ռազմիկն է: Ինքը բազմաթիվ կուսակցությունների անդամ է եղել, հիմա Բարգավաճ Հայաստան Կուսակցության անդամ է: Իսկ դրանից առաջ եղել է հանրապետական, ընտրել է ՄԱՊ-ի Ալիկին (գործարար Ալեքսան Պետրոսյան-խմբ.), աշխատել է ՄԱՊ-ի Ալիկի համար, հիմա ասում է՝ ես բարգավաճ եմ: Ես վախենալու ոչ մի բան չունեմ, բացարձակ: 27 տարի է բնակիչները պայքարում են, որ ես հրաժարական չտամ, ես էլ լսում եմ նրանց: Համայնքը իրա հունով, իրա զարգացումով գնում է : Ի՞նչ եմ արել, որ հրաժարական տամ: Ես պատրաստ կլինեմ, իմ աթոռը զիջել, եթե համայնքի մեծամասնությունը, ընտրողների մեծամասնությունը ինձ ասի՝ ախպոր պես, գնա, որ մենք խաղաղվենք: Ես հաճույքով կհեռանամ, բայց իրենց երբեք չեմ լքի ու գռանատի զապալն էլ չեմ քաշի շպրտի իրանց մեջ»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ