Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ վիզաների ազատականացման մասին. «Մերոնք բացատրել են, որ Ուկրաինայի եւ Վրաստանի պատճառով մենք չպետք է տուժենք»

Հուլիս 02,2018 14:16

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները այսօր ասուլիս էին հրավիրել:

Լրագրողները հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին՝ վիզաների ազատականացման մասին եթե ոչ պաշտոնական, գոնե կուլիսային խոսակցություններ այնտեղ եղե՞լ են եւ ի՞նչ շեշտադրմամբ:

Աշոտյանը պատասխանեց. «Մեր բոլոր պատվիրակները քաղաքական խմբերում կան: Ինչ են ասում մեզ՝ ասում են, որ նախորդ պայմանագիրը Վիզայի դյուրացման եւ ռեադմիսիայի մասին համաձայնագիրը դեռ ամբողջությամբ կյանքի չի կոչվել: Այսպես են ասում մեզ ԵՄ մեր գործընկերները, ճիշտ են ասում, այդ համաձայնագիրը կյանքի կոչելու համար ժամանակ է պետք: Հայաստանը այդ համաձայնագրից հետո առանձին համաձայնագրեր պետք է կնքեր ռեադմիսիայի եւ վիզաների դյուրացման: Բայց սա պրոցես է: Վիզաների ազատականացման երկխոսությունը նույնպես պրոցես է, միանվագ որոշում չէ, մի պահի հնարավոր չէ: Մեր ասածը հետեւյալն էր՝ հարգելի եվրոպացի գործընկերներ, եթե մենք զուգահեռ տանենք այս երկու օրակարգերը, որոնք երկուսն էլ ժամանակատար են, եկեք մի կողմից եղած համաձայնագիրը կյանքի կոչելու համար աշխատենք, բայց որպեսզի ժամանակ չկորցնենք, զուգահեռ աշխատենք նաեւ վիզաների ազատականացման երկխոսության վրա, որովհետեւ երկուսն էլ կարեւոր են ու երկուսն էլ ժամանակատար:

Ես ունեմ, երկու դիտարկում այստեղ: Ուկրաինայի եւ Վրաստանի հետ վիզաների ազատականացման համաձայնագիրը շատ կարեւոր է արեւելյան գործընկերության երկրներում միջմարդկային կոնտակտները դյուրացնելու համար: Դա ունի նաեւ դարձերես: Չարաշահումները այդ երկու երկրների կողմից գնալով շատանում են վիզայի ռեժիմի խախտման: Տասնյակ հազարավոր դեպքեր են մեզ պատմում, պաշտոնական թվերն այնպիսին են, որ ե՛ւ Ուկրաինայի, ե՛ւ Վրաստանի հետ կապված այս համաձայնագրի պատճառով միգրացիա է տեղի ունենում:

Եվրաբյուրոկրատները հիմա մտածում են, որ պետք չէ շտապել: Մեր պատասխանը շատ հստակ է ու շատ ուժեղ՝ Հայաստանը չպետք է կրի այլ երկրների հետ ունեցած խնդիրների պարտավորությունը եւ բեռը, չպետք է տուժի, եթե այլ երկրների հետ կան խնդիրներ: Իհարկե, մենք էլ հասկանում ենք, որ եթե ՀՀ-ի հետ նման ռեժիմ լինի, մեր քաղաքացիների մի մասը կունենա գայթակղություն խախտելու: Ես չեմ ասում, որ մերոնք բոլորը կլինեն շատ օրինապաշտ եւ նման խախտումներ չեն լինի: Բայց ՀՀ-ն չպետք է կրի ուրիշ երկրների հետ համաձայնագրի իրացման բեռը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031