ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն փաստին, որ հունիսին ՀՀ քաղաքացի հանդիսացող սիրիահայերը Վրաստան մուտք գործելու խնդիրներ են ունեցել: «Նրանց մուտքը Վրաստան սահմանափակվել էր, սակայն այս պահին Վրաստանից ունենք պաշտոնական պատասխան առ այն, որ նման սահմանափակումներ չկան»,-հայտնեց Տիգրան Բալայանը:
Նա նշեց, որ եթե ՀՀ քաղաքացիներն առաջիկայում կառնչվեն նման խնդրի հետ, անհապաղ թող կապվեն Վրաստանում ՀՀ դեսպանատան կամ ՀՀ արտգործնախարարության հետ՝ աշխատանքային կարգով հարցը լուծելու համար:
Ապա Տիգրան Բալայանը մեկնաբանեց «Եվրոպայի հայկական միությունների ֆորումի» վերջին հայտարարությունը, թե Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը ՀՀԿ-ականներին օգնել է անշարժ գույք ձեռք բերել Պրահայում: Բալայանը հորդորեց նման տեղեկություններին լուրջ չվերաբերվել. «Այդ անձը(նկատի ունի ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանին) ասում էր, թե իր ջանքերով է Սաֆարովը դատապարտվել ցմահ ազատազրկման…Նա իրադրություններն իրեն ձեռնտու կերպով է մատուցում, կամ՝ միլիարդավոր ներդրումների մասին է խոսում…»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ