Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը այնքան զորեղ ելույթ է ունեցել Եվրանեսթում, որ փակել է ադրբեջանցիների ընդվզումների ճանապարհը. Արմենուհի Կյուրեղյան

Հուլիս 02,2018 14:01

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները այսօր հրավիրած ասուլիսում ասացին, որ հայկական կողմի մոտեցումները Արցախի հարցում տեղ են գտել Արեւելյան գործընկերության տարածքում անվտանգությանը նվիրված զեկույցի մեջ:

Պատվիրակության անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն ասաց, որ հանդիպումների ընթացքում եվրոպական քաղաքական գործիչները շատ բարձր են գնահատել մեր երկրում թավշյա հեղափոխությունը, ոչ բռնի իշխանափոխությունը եւ կարեւորել այն փաստը, որ մեզ մոտ դա եղել է խաղաղ ճանապարհով:

Կյուրեղյանն ասաց, որ օրենսդիրում կանանց ներգրավվածության հարցն են շոշափել եւ պարզվել է, որ մենք բավականին առաջ ենք այդ առումով, այլ երկրներում նոր են օրենսդրական փոփոխություններ անում: Կյուրեղյանի խոսքով՝ «Առաջին օրը՝ հունիսի 25-ին, երբ բոլոր պատվիրակությունները ներկայանում էին, պարոն Աշոտյանի ելույթը այնքան զորեղ էր, որ միանգամից առաջիկա 3 օրերի քննարկումների ժամանակ, կարճ ասած, փակեց ադրբեջանական պատվիրակության ընդվզումների հնարավորությունները ու նրանք հասկացան, որ այդ նստաշրջանում, այդ նիստերի ընթացքում իրենք սխալ կլինեն, եթե սկսեն իրենց ստանդարտ ընդունված ձեւաչափով հարձակումները հայկական պատվիրակության վրա»:

Մեր հարցին՝ եթե այդքան զորեղ ելույթ եք ունեցել, որ փակել եք ադրբեջանցիների բերանը, ընդվզումների ճանապարհը, ինչո՞ւ նախկինում էլ դա չեք արել եւ միշտ չեք փակել ադրբեջանցիների ճանապարհը՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ Եվրանեսթ ԽՎ-ում նման աշխատանքները տարվել են միշտ. «Դիվանագիտական խորհրդարանական ճակատներում մենք պատրաստ ենք լինում եւ դիվանագիտական պատերազմների, ե՛ւ դիվանագիտական խաղաղության: Այս դեպքում բերան փակել արտահայտությունը նույնպես չեմ ընդունի, պարզապես մեր պատվիրակությունը ի սկզբանե դիրքավորվեց այնպես, այնպիսի քաղաքական ու դիվանագիտական զինանոցով, որ անիմաստ էր մեզ վրա որեւէ հարձակում, որովհետեւ եթե հարձակման նպատակը ներքին լսարանը չէ, ապա եվրոպական խորհրդարանական վեհաժողովում որեւէ հարց լուծել Հայաստանի հաշվին հնարավոր չի, որովհետեւ մեր դիրքերը միշտ եղել են ամուր եւ հիմա առավել եւս ամուր են»:

«Ելքի» անդամ Հայկ Կոնջորյանն էլ ասաց, որ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի հեղինակությունը կտրուկ աճ է գրանցելու Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը եվրոպացի գործընկերների եւ մյուս պետությունների ներկայացուցիչների կողմից էականորեն բարելավվել է. «Բազմաթիվ եվրոպացի պատվիրակներ հույս էին հայտնում, որ ՀՀ-ում թավշա հեղափոխությունից հետո սա բացառիկ շանս է, որ ՀՀ ժողովրդավարության զարգացման ճանապարհին մենք գրանցենք նոր եւ վճռորոշ հաջողություններ: Նրանք պատրաստակամություն էին հայտնում ինստիտուցիոնալ եւ փորձի փոխանակման առումով Հայաստանի կողքին կանգնել եւ աջակցել ՀՀ-ում ժողովրդավարության համար հետագա պայքարի ուղղությամբ, եւ սա մեզ համար շատ կարեւոր ձեռքբերում էր»:

Պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանն ասաց, որ Հայաստանից դուրս մեր պատվիրակության անդամները ցույց չեն տալիս, որ պատկանում են քաղաքական տարբեր ընտանիքների եւ թիմերի, գործում են միասնական եւ դա արդեն ավանդույթ է դարձել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031