Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրանեսթում ընդունվել են Արցախի հարցում հայկական կողմի մոտեցումները՝ որպես իրենց պաշտոնական տեսակետ

Հուլիս 02,2018 13:40

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները այսօր հրավիրած ասուլիսում ասացին, որ հայկական կողմի մոտեցումները Արցախի հարցում տեղ են գտել Արեւելյան գործընկերության տարածքում անվտանգությանը նվիրված զեկույցի մեջ եւ ընդունվել՝ որպես Եվրանեսթ ԽՎ-ի պաշտոնական տեսակետ: Իսկ հայկական կողմի մոտեցումները եղել են հետեւյալը՝ աջակցություն Մինսկի խմբի համանախագահների առաջարկություններին, խնդրի բացառապես խաղաղ կարգավորման իմպերատիվին, ինչպես նաեւ վստահության մթնոլորտի վերականգնմանն ուղղված միջոցառումների շեշտումը, եւ բանակցային գործընթացի կարեւորությունը շատ կոնկրետ գործողությունների հիման վրա:

Պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանն ասաց, որ բացի դրանից, հայկական պատվիրակության կողմից ներկայացվել է հրատապ բանաձեւ, որը վերաբերում է ԵՄ-ՀՀ համապարփակ ու ընդլայնված համագործակցության համաձայնագրի վավերացման գործընթացի արագացմանը: Աշոտյանն ասաց, որ մերոնք խնդիր են իրենց առջեւ դրել, որ համաձայնագիրը վավերացվի մինչեւ հաջորդ եվրոպական խորհրդարանի ընտրությունները, որոնք տեղի կունենան 2019-ի մայիսին: Դրա համար շատ կարեւոր էր, որ այս բանաձեւն ընդունվեր: Եվրանեսթում բանաձեւն ընդունելով՝ կոչ են արել ԵՄ անդամ բոլոր երկրներին արագացնել վավերացումը, ինչպես նաեւ Բրյուսելի իշխանություններին նպաստել, որ համաձայնագիրը վավերացվի:

Հաջորդ թեման քաղաքական կոռուպցիան է եղել եւ փողերի լվացումը: Արմեն Աշոտյանն ասաց, որ ԵՄ ներկայանալի փորձագետների կողմից է ներկայացվել այս թեման, մեր պատվիրակությունը այստեղ նույնպես շատ ակտիվ հանդես է եկել եւ հայկական պատվիրակությունը խնդիր է ունեցել հարցի հետեւանքները վերացնել. «Այն է՝ եվրոպական քաղաքական ուժերին, ազգային խորհրդարաններին, եվրոպական խորհրդարանի մակարդակով հետեւողական աշխատանքը շարունակել՝ զերծ մնալու այն անհատներից, այն գործիչներից, որոնք ներգրավված են կոռուպցիոն սկանդալի մեջ՝ Ադրբեջանի պատճառով»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ աշխատանք են տարել, որ գալիք ընտրություններում, այսպես ասած, «անուն հանած» եվրոպական գործիչները չհայտնվեն առնվազն Հայաստանի հետ հարց լուծողների շրջանակներում կամ առնվազն միջազգային խորհրդարանական հարթակներում եւ ունեցել են բավականին տեսանելի հաջողություն:

Նշենք, որ ամեն նիստին հնարավոր է ընդունել երեք բանաձեւից ոչ ավելի: Ամեն պատվիրակություն ուզում է առաջ տանել իր նախագիծը, 6 փաստաթղթի նախագիծ է ներկայացված եղել, որից երկուսը՝ ՀՀ պատվիրակության կողմից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031