Շիրակի մարզի Շիրակավան համայնքի նախկին ղեկավար Մարատ Մկրտչյանի և նախկին հաշվապահ Սլավիկ Վարոսյանի նկատմամբ, որն այս պահին համայնքի փաստացի ղեկավարն է (հիշեցնենք, որ Անիի տարածաշրջանի համայնքները միավորվել են), հարուցվել է քրեական գործ։ Նրանք կասկածվում են սոցիալապես անապահով ընտանիքների, ինչպես նաև համայնքում անցկացվող միջոցառումների համար հատկացված գումարը (գումարի ընդհանուր չափը մոտ 2 միլիոն 500 հազար դրամ է) հափշտակելու մեջ։ Այս մասին տեղեկացանք Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից։
«ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնի աշխատակցի զեկուցագրի հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզի Շիրակավան համայնքի նախկին ղեկավարի ու հաշվապահի կողմից, վերջինս, ի դեպ, հանդիսանում է նույն համայնքի ներկայիս ներկայացուցիչը, խոշոր չափերով յուրացման եղանակներով ենթադրյալ հափշտակություն կատարելու վերաբերյալ։ Մասնավորապես նշված անձինք, նախնական համաձայնությամբ հափշտակել են համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների, ինչպես նաև համայնքում անցկացվող միջոցառումների համար հատկացված գումարը՝ մոտ 2 միլիոն 500 հազար դրամ։
Նախապատրաստված նյութերի հիման վրա Շիրակի մարզի ավագ դատախազ Գ․ Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով և նախաքննություն կատարելու համար այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն»,-ասաց դատախազը։
Կարեն Գաբրիելյանը մեկ անգամ ևս շեշտեց պետությանը պատճառած նյութական վնասը վերականգնելու ուղղությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Իսկ Կարեն Գաբրիելյանը իրա ընկեր Սահակ Մինասյանին տեսնես փուռը տալու է?