Թուրքիայի քաղաքական կուլիսներում խոսվում է այն մասին, որ հնարավոր է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր կառավարությունում պաշտոն առաջարկի աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին:
Թուրքական «Հաբերթյուրք» թերթի հոդվածագիր Նագեհան Ալչըն այս մասին գրել է. «Աշխարհի լավագույն տնտեսագետներից մեկը հանդիսացող Աճեմօղլուն Թուրքիայի տնտեսության կառուցվածքային խնդիրներին արմատական լուծում առաջարկող մի տեսլականով պատմական դեր կարող է կատարել: Էրդողանը միշտ եղել է բոլորին զարմացնող առաջնորդ: Նա կարող է Աճեմօղլուին առաջարկել ղեկավարել Թուրքիայի տնտեսությունը»:
Ալչըն նշել է, որ այս տեղեկությունը հիմնվում է վստահելի աղբյուրի վրա և ավելացրել. «Այն հավանականությունը, որ այս հիասքանչ լուրը իրականություն կդառնա, ինձ շատ է հուսադրում»:
Նշենք, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ հայտնել էր, որ հեռախոսազրույց է ունեցել հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հետ և վերջինս պատրաստակամություն էր հայտնել աջակցել Հայաստանին և ընդունել է այցի իր հրավերը:
«Հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի հետ: Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում: Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում», – Ֆեյսբուքում գրել էր Փաշինյանը:
Աղբյուր` Ermenihaber.am