«Նորություն չէ, որ Ադրբեջանը գործում է անպատասխանատվության սկզբունքով՝ իր կողմից պարտավորությունների չկատարմամբ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Նախիջեւանի հատվածում հակառակորդի ակտիվությանը՝ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա վստահեցրեց, որ Ադրբեջանի պահվածքի հարցը բարձրացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ-գործընկեր-երկրների առաջ. «Համանախագահները մեծ անելիք ունեն, որովհետեւ չանսալով նրանց հորդորներին՝ Ադրբեջանը արհամարհում է ԵԱՀԿ-ին»:
Տիգրան Բալայանի խոսքով՝ Նախիջեւանում կատարվածի մասին հայկական կողմը տեղյակ է պահել նաեւ ՀԱՊԿ գործընկերներին: Ինչ վերաբերում է փորձագիտական գնահատականներին, թե ՀՀ-ի եւ Նախիջեւանի հատվածի սահմանին պետք է ՀԱՊԿ-ի զորամիավորումներ տեղակայել, Տիգրան Բալայանը նկատեց. «Չեմ կարծում, որ ՀՀ ԶՈՒ-ն աջակցության կարիք ունի Նախիջեւանի հատվածում վերահսկողությունը պահպանելու համար»:
Բալայանի բնորոշմամբ՝ նշյալ սահմանին այլ երկրների զորամիավորումներ տեղակայելու կարիք չկա. «Այդ պարտականության կատարումը մեր զինված ուժերի վրա է, եւ մենք արդյունավետ ու վստահ իրականացնում ենք դա»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2057701064248398/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հայոց դիւանագիտութիւնը փայլում է: Ինչ լինում է համանախագահներն են մեղաւոր: Յիշեցնեմ, որ նրանք Արցախի՛ հակամարտութեամբ են զբաղւում եւ ըստ էութեան պատասխանատու չեն Հայաստանի՝ [միջազգայնօրէն ճանաչուած] սահմանների լարուածութեան համար՝ լինի Նախիջեւանում, Տաւուշում կամ Գեղարքունիքում: Եթէ մի օր հայ-վրացական կամ հայ-իրանական սահմաններում էլ լարուածութիւն լինի (Աստուած մի արասցէ), էլի ասելու էք «համանախագահները մեծ անելիք ունե՞ն» 🙂
Յ.Գ. Ձեր անզօրութիւնն ու անճարակութիւնը ուրիշների վրայ մի՛ բարդէք 🙂