«ԵԱՀԿ անդամ-երկրներին զորավարժությունների անցկացման մասին տեղյակ չպահելու դեպքում պատժիչ մեխանիզմներ նախատեսված չեն: Կարող ենք միայն բարձրաձայնել այդ մասին, ինչը մենք անում ենք»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով օրերս ԵԱՀԿ անդամ-երկիր Ադրբեջանի կողմից առանց նախազգուշացման լայնածավալ զորավարժությունների անցկացմանը, ասաց ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Ադրբեջանի մոտ բնավորություն է դարձել՝ առանց ԵԱՀԿ փակ համակարգին զգուշացնելու զորավարժություն անցկացնելը: Սա մտահոգության առիթ պետք է տա ոչ միայն ՀՀ-ին, այլեւ գործընկեր երկրներին, որոնք հանձնառուի կարգավիճակում են»,-նկատեց Տիգրան Բալայանը:
Նա կարծում է, որ չնախազգուշացնելը միջազգային հարաբերություններում Ադրբեջանի անպատասխանատու պահվածքի հերթական դրսեւորումն է. «Հայկական կողմն էլ ավելի մեծ ջանքեր է գործադրելու՝ գործընկերներին իրազեկելու առումով»:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ օրերս մի շարք ռուս բլոգերներ եւ փորձագետներ այցելել են ՀՀ-ի եւ Նախիջեւանի հատվածի սահման ու ադրբեջանամետ հայտարարություններ արել, Տիգրան Բալայանը հայ հասարակությանը հորդորում է չանհանգստանալ ու չզարմանալ: «Պարզ է, որ այդ ամենը Ադրբեջանի կողմից բեմականացում էր»,-ասում է նա:
https://www.facebook.com/aravot.am/videos/2057701064248398/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ