Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Գագիկ Խաչատրյանը սնանկացրեց Մեխակ Գաբրիելյանին

Հուլիս 02,2018 15:00

ԻՄ ընկերությունը՝ «Գոլդեն Ֆիլդ» ՍՊԸ-ն, զբաղվում էր ավտոմեքենաների բարձր ճնշման բալոնների արտադրությամբ: Հրազդան քաղաքում գնելով նախկին «Հրազդանմաշի» արտադրական մասնաշենքերից մեկը՝ գործարանը կազմավորել էինք զրոյից: Իմ եւ իմ որդիների երեք տարվա աշխատանքը լավ արդյունք էր տվել։ Ստեղծվել էր ժամանակակից գործարան, ընկերությունում աշխատում էր 150 մարդ: Գործարանի արտադրանքը սկսել էր սպառվել Հայաստանում, հետագայում՝ Իրանում, այնուհետեւ՝ Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Ղրղըզստանում եւ Վրաստանում:
Ընկերության արտադրանքը ամբողջովին համապատասխանում էր միջազգային ստանդարտներին եւ սերտիֆիկացված էր ֆրանսիական հայտնի ընկերության կողմից:

2013 թվականի սեպտեմբերին նախկին ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը իր հիմնական պատժիչ գործիքի՝ Գեւորգ Ներսիսյանի (նախաքննչական վարչության պետ, նախկինում դատված) միջոցով անհեթեթ վարչական վարույթ հարուցեց իմ եւ ընկերության նախկին տնօրենի նկատմամբ՝ իբր թե 2011թ. հումք ներմուծելիս մաքսային ձեւակերպումներում խախտում ենք թույլ տվել, եւ այս հիմքով մեզ վրա 550 մլն դրամի ակտ գրեց։

Մենք դիմեցինք դատարան։ Գրված ակտերը այնքան հիմնազուրկ էին, որ նույնիսկ սերժական դատարանները այդ ակտերը անվավեր ճանաչելու որոշում կայացրեցին։ (Դատական գործընթացները տեւեցին երեք տարի, իսկ մեկը դեռ շարունակվում է):

Մեր ընկերությունը վերջնականապես սնանկացնելու նպատակով ՊԵԿ-ը դիմեց մի այլանդակ եւ ամբողջությամբ անօրինական քայլի՝ արգելափակեցին ընկերության ներմուծումներն ու արտահանումները՝ մի բան, ինչը օրենքը որեւէ կերպ չի նախատեսում։ Պարզ դարձավ, որ ստուգումների եւ ակտերի նպատակը ընկերության սնանկացումն է։
Բացատրություններ ստանալու նպատակով փորձեցի հանդիպել Գագիկ Խաչատրյանի հետ, բայց նա հանդիպումից հրաժարվեց եւ ինձ իր տեղակալի մոտ ուղղորդեց։ Նա էլ իր հերթին ինձ տեղեկացրեց, որ իմ հարցում որեւէ լուծում առաջարկելու լիազորություն չունի: Բազմաթիվ նամակներ գրեցի Գ. Խաչատրյանին, վարչապետին, նախագահին։
Մեկ նամակ էլ գրեցի Ազգային անվտանգության ծառայության պետին, որտեղ բացատրում էի, որ մեծ անօրինականություն է տեղի ունեցել։ Հատուկ շեշտել էի, որ սա կարելի է որպես պետության դեմ ուղղված թշնամական գործողություն դիտարկել, որի արդյունքում միջազգային շուկայում հաստատված ու առաջատար դիրք գրավող հայաստանյան մրցունակ ընկերությունը խաղից դուրս է դրվում: Նաեւ ավելի քան տարօրինակ էր ու անօրինական այն հանգամանքը, որ վարչական տուգանքը գրված է տնօրենի վրա, բայց արգելափակվել է ընկերության գործունեությունը: Ազգային անվտանգության ծառայությունից արձագանք չստացա, իսկ մյուս հասցեատերերին գրված դիմումներս վերահասցեագրվում էին մեզ վրա ակտ գրած եւ ընկերության գործունեությունը արգելափակող գրությունը ստորագրած Գ. Ներսիսյանին, որից էլ որպես պատասխան ստանում էինք 550 մլն դրամ տուգանքը վճարելու պահանջ։

Հանրությանը հայտնի երկու ազդեցիկ գործիչների միջոցով փորձեցի հանդիպել Ս. Սարգսյանին, սակայն նա հասկացնել էր տվել, որ հանդիպումն անիմաստ է, եւ ինձ օգնել չի պատրաստվում։
Ութ ամիս ընկերությունը արգելափակված վիճակում պահելուց հետո իմ հերթական դիմումին նախագահականից արձագանքում են, թե պետք է արագ դիմում գրել ՊԵԿ, որպեսզի այդ արգելքը հանեն: Պարզվեց՝ սա էլ էր խաղ։ 2014 թ. ապրիլի 10-ին գրածս դիմումին ի պատասխան՝ ժամերի ընթացքում արգելանքը վերացրին: Բայց այդ ընթացքում բանկն էր արդեն իր գործն արել։ Հարկադրված պարապուրդի պատճառով ընկերությունը չէր կատարել իր վարկային պարտավորությունները, բանկն էլ վարկի դիմաց գրավադրված ընկերության եւ անձնական ամբողջ գույքը բռնագանձել էր եւ դարձրել իր սեփականությունը:
Դեռ ուսումնասիրել է պետք, թե մշակված այս սխեմայով որքան բիզնեսներ են խլվել կամ ոչնչացվել։

2010 թվականին անկախ գնահատողի կողմից իմ բիզնեսը գնահատվել է 47 միլիոն ամերիկյան դոլար, ավելացրած նաեւ գործարանի անշարժ գույքը եւ հիմնական միջոցների՝ սարքավորումների արժեքը՝ մոտ 17 միլիոն դոլար. ստացվում է, որ հայաստանյան նախորդ իշխանությունները Գագիկ Խաչատրյանի ձեռամբ ինձ պետք է վերադարձնեն 64,0 մլն ամերիկյան դոլար՝ ավելացրած, 2013 թվականից սկսած, չստացած եկամուտը՝ 5,0 մլն դոլար: Ինչպես նաեւ պետք է պետությանը վերադարձնի ընկերության չաշխատելու հետեւանքով պետությանը հասցրած վնասը՝ մոտավորապես 3 մլրդ դրամ եւ ընկերության աշխատակիցներին չաշխատելու հետեւանքով հասցրած վնասը՝ 960 միլիոն դրամ:

ՄԵԽԱԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

30.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Իսկ ինչպես սնանկացրեց Մեխակ Գաբրիելյանը ՞Ղարաբաղ՞ կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանին (որն իր ընտանիքի գոյությունը պահպանելու համար այսօր ստիպված տաքսի է վարում), լավ կլինի այդ մասին էլ Մեխակ Գաբրիելյանը ճշգրիտ մանրամասներ ներկայացնի:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031