Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ վեճ՝ Իջեւանի ավագանու նիստում

Հուլիս 02,2018 11:21

Իջեւան համայնքի ավագանու վերջին՝ հունիսի 18-ի նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում էր «Հայկական Կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության խնդրանքով այդ կազմակերպությանը Իջեւանի Աբովյան 14 հասցեում գտնվող Տավուշի մարզային գրադարանի շենքից 77.68 քառակուսի մետր մակերեսով տարածք անհատույց, մշտական օգտագործման իրավունքով տրամադրելուն: Ավագանու անդամ, Իջեւանի վարժարանի տնօրեն Հասմիկ Ամիրյանը Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին ասել է, որ Իջեւանի վարժարանը տարածքի, դասասենյակների խնդիր ունի, հարկ է նիստում Կարմիր խաչին տարածք տրամադրելու հարցին դեմ քվեարկել, հետո անդրադառնալ այդ խնդրին:

Տարիներ առաջ Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի որոշմամբ Իջեւանի նախկին մանկապարտեզի տարածքը անհատույց տրամադրվել է Իջեւանի վարժարանին, նաեւ՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավանդույթ» ՓԲԸ-ին, այդ հիմնարկները նույն տարածքում են գործում: «Ավանդույթ» ՓԲԸ-ն երեխաներին ազգային երաժշտական արվեստի ուսուցում է իրականացնում, այն շուրջ 120 սան ունի:

Համացանցում տեղադրված, ավագանու նիստի տեսանյութում երեւում է քաղաքապետի եւ ավագանու անդամի բարձրաձայն վիճաբանությունը Քաղաքապետ Վ. Ղալումյանը Հ. Ամիրյանին ասել է, որ ավագանու նիստի օրակարգում Իջեւանի վարժարանին վերաբերող հարց չկա, եթե նա ցանկանում էր օրակարգում նման հարց ներառել, դա պետք է նախապես աներ: Քաղաքապետը հավելել է, որ Կարմիր խաչը սեփական միջոցներով նորոգելու է մարզային գրադարանում հատկացվող 77.68 քառակուսի մետր տարածքը:

https://www.facebook.com/arpine.yeritsyan.92/posts/2114919688788544

Ավագանու 10 անդամներից 9-ը կողմ են քվեարկել մարզային գրադարանի շենքում Կարմիր խաչին նշված տարածքը տրամադրելուն, միակ դեմ քվեարկածը Հասմիկ Ամիրյանն է եղել: Քաղաքապետը հայտարարել է, որ Իջեւանի թիվ 5 հիմնական դպրոցի շենքում ազատ տարածքներ կան, որոնք կարող են տրամադրվել Իջեւանի վարժարանին: Հ. Ամիրյանը հակադարձել է, որ այդ դպրոցում ազատ տարածքներ չկան: Քաղաքապետը նրան հավաստիացրել է, որ վարժարանի տարածքի խնդիրը կլուծվի:

2017թ. Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի որոշմամբ Բերդ քաղաքի վարժարանը լուծարվեց, ինչ առաջացրեց այդ ուսումնական հաստատության աշխատողների դժգոհությունը: Որպես լուծարման պատճառ նշվեց շենքի ոչ տիպային պայմանները: Իջեւանի վարժարանը նույնպես գործում է ուսումնական գործընթացի համար ոչ տիպային պայմաններ ունեցող շենքում:

Հավելենք, որ Իջեւանի վարժարանի տնօրեն, ՀՀԿ անդամ Հասմիկ Ամիրյանը 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ եղել է ՀՀԿ Տավուշի մարզի տարածքային թեկնածու:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031