Լրահոս
Օրվա լրահոսը

1994թ. զոհված զինվորի որդու պահանջը՝ պաշտպանության նախարարությունից

Հուլիս 02,2018 14:30

Արսեն Ասատրյանը զոհվել է 1994 թ. մարտի 28-ին ԼՂՀ սահմանների պաշտպանության ժամանակ: Զոհվելուց հետո նրա ընտանիքը չի ստացել որեւէ աջակցություն: Զինվորի որդին՝ Վարազդատը, որոշել է դիմել պաշտպանության նախարարությանը՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել իրեն վերաբերող իրավունքների մասով: Ստացվել էր պատասխան, համաձայն որի՝ ՊՆ բնակարանային հանձնաժողովի 2016թ. մարտի 17-ի թիվ 1 նիստում որոշում է կայացվել մերժել պետական ֆինանսական աջակցության տրամադրումը զոհվածի ընտանիքին: Ըստ Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշմանդամ զինծառայողներին եւ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրող հանձնաժողովի՝ «զոհվածի որդին գործող կարգի համաձայն չի համարվում շահառու»:

Հայցվոր Վարազդատ Ասատրյանը դիմել էր դատարան ՀՀ պաշտպանության նախարարության դեմ՝ պահանջելով հաշմանդամ դարձած զինծառայողներին եւ զոհված ընտանիքներին, նրանց հավասարեցված անձանց անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրող հանձնաժողովի 17.03.2016 թվականի թիվ 1/9 որոշումն անվավեր ճանաչել: Նա հայտնել էր, որ մայրը 2002 թվականին որպես զոհվածի այրի հաշվառման է վերցվել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զոհված (մահացած) ու հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքների ցուցակում եւ պետք է պետական ֆինանսական աջակցություն տրամադրվեր իրենց ընտանիքին: Վարազդատը 2005 թվականին նույնպես հաշվառվել է որպես զոհվածի երեխա:
Վարչական դատարանը բավարարել էր զոհվածի որդու հայցադիմումը, արձանագրելով, որ գործի քննությամբ ձեռք բերված եւ հետազոտված ապացույցներով հիմնավորվել է, որ Վ. Ասատրյանը պաշտպանության նախարարության 2016թ. մարտի 17-ի վիճարկվող որոշման մասին առհասարակ տեղեկացել է 2017թ. փետրվարին, իսկ որոշման պատճենը վերջինիս ուղարկվել է 2017 թ. ապրիլի 1-ին, այսինքն՝ մեկ տարի անց: Ավելին, դատարանը վարչական վարույթի ողջ նյութերի ուսումնասիրությունից պարզել է, որ 2016 թ. մարտի 17-ի թիվ 1/9 որոշման կայացմանն ուղղված վարչական վարույթի վերաբերյալ հայցվորի՝ ծանուցման փաստը հաստատող որեւէ ապացույց առկա չէ:

Տիկին Սուսաննան՝ հայցվորի մայրը, մահացել է 2006թ. մայիսին, հետեւաբար, ըստ օրենքի, 2007թ. ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ վերջինիս գույքի նկատմամբ ժառանգներ են հանդիսանում որդին եւ դուստրը:

Հայցվորի գնահատմամբ՝ այդ որոշմամբ խախտվել են սոցիալական ապահովության եւ սեփականության իրավունքները. «Այն հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, բացի այդ՝ որոշման կայացմանն ուղղված վարչական վարույթի վերաբերյալ ես չեմ ծանուցվել»:

Որպես խախտումների հիմնավորում նա վկայակոչել էր ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասը, 83-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ կետը, համաձայն որի՝ քաղաքացիները կարող են ժառանգել եւ կտակել գույքը, իսկ նույն օրենսգրքի 1225-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն էլ՝ «ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում եւ որտեղ է գտնվում»:

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ զինծառայողները, առողջության, տարիքի կամ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված այն նախկին զինծառայողները, որոնք ծառայության ընթացքում հաշվառված են եղել որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողներ, ինչպես նաեւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողները եւ ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով, կամ բնակարան ձեռք բերելու համար ստանում են անհատույց պետական ֆինանսական աջակցություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Այդպես է, եթե այո, ապա ինչն է եղել պատճառը, որ 1994թ. զոհվածի ընտանիքը չի իրացրել իրեն հասանելիք իրավունքները:

Մի դեպքում, հավանաբար, պատճառը «տանիք» չունենալն է եղել, ցուցակներում տխրահռչակ խնամի-ծանոթ-բարեկամ՝ ԽԾԲ երաշխավորագրերի բացակայությունը, եւ ինչու ոչ՝ կոռուպցիոն ռիսկը:
Հիշենք, որ աջակցություն ստանալու իրավունք ունեն ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) կամ զինվորական ծառայության ժամանակ վնասվածքներից, խեղումներից եւ առաջացած հիվանդություններից հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքները, որոնց, Հայաստանի պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից տրվել է զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի կամ հաշմանդամի կարգավիճակը հավաստող տեղեկանք:
Պատասխանող պաշտպանության նախարարության ներկայացուցիչը դատաքննության ժամանակ առարկել էր հայցի դեմ եւ խնդրել այն ամբողջությամբ մերժել՝ հայտնելով, որ վիճարկվող որոշումն ընդունվել է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության «Անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» 09.06.2005 թվականի թիվ 947-Ն որոշման եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 20.03.2014 թվականի թիվ 267 հրամանի պահանջներին համապատասխան, ուստի այն վերացնելու որեւէ հիմք առկա չէ:

Վերաքննիչ դատարանն անվավեր էր ճանաչել ՀՀ պաշտպանության նախարարության բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշմանդամ զինծառայողներին եւ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրող հանձնաժողովի 2016 թվականի թիվ 1/9 որոշումը: Դատարանը պարտավորեցրել էր պաշտպանության նախարարությանը Վ. Ասատրյանին վերականգնել բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զոհված (մահացած) եւ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքների ցուցակում:

Պաշտպանության նախարարությունը, թվում էր, գոնե այս օրերին, երբ բացահայտվում են տարաբնույթ կոռուպցիոն, հափշտակությունների դեպքեր զինված ուժերում, հետ կվերցներ իր բողոքը, բայց ոչ: Նա մնացել էր անսասան:

Երեկ վարչական վերաքննիչ դատարանը պետք է հրապարակեր այս գործով թվով երկրորդ որոշումը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

30.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031