Կենսաթոշակառու Լաուրա Մանուկյանն ապրիլ ամսից խմբագրությունների դռներն է ծեծում: Քաղաքական իրավիճակի փոփոխությունները հնարավորություն չեն տալիս լսել նրան, գրել, թե ինչն էր նրան մտահոգում: Նա նամակով դիմել է նաեւ «Առավոտի» գլխավոր խմբագրին: Ստորեւ ներկայացնում ենք նրա նամակ-խնդրագիրը:
«Իմ վերեւի հարեւանն իր բնակարանը վարձակալության տվեց, քանդվեց լողասենյակի առաստաղը::Ներքեւիս հարեւանն էլ վարձով է տալիս իր բնակարանը տարբեր քաղաքացիների, ովքեր գալիս են գյուղերից, ովքեր հիմնականում զբաղվում են առեւտրով, բերքուբարիքի վաճառքով:
Բնակարանն անմխիթար վիճակում է, քանի որ խողովակները փտած են, ինչի արդյունքում, ես նույնպես չեմ կարողանում օգտվել լվացարանից, ջրից: Մինչդեռ ութ տարի այս մասին ես բողոքում եմ, սակայն ոչ մի արձագանք չեմ ստացել:
Այս տարվա ապրիլի 4-ին իմ բաճկոնը, երբ ընկավ նրա պարանին, գնացի, ծեծեցի հարեւանիս դուռը, սակայն ոչ ոք չկար: Դիմեցի համատիրության աշխատակցին, որ գոնե նրա միջոցով կարողանամ բաճկոնս պարանի վրայից վերցնել, ասաց, թե չունի բնակչի կոորդինատները: Տարօրինակ է, եթե բնակիչը վարձ է մուծում, ինչպես է, որ նրա գտնվելու վայրի մասին համատիրությունը տեղյակ չէ: Իսկ գուցե հրդեհ է բռնկվում, վթար է լինում, այդ դեպքում` ինչ անել, ում դիմել:
Մեր մուտքում, բացի նրանցից, այլ քաղաքացիներ էլ կան, ովքեր վարձով են բնակվում: Նրանք իրենց պատշաճ ձեւով չեն դրսեւորում: Շատ կխնդրեի, մի հանձնաժողով գար շենք, ստուգելու իմ ասածը, եւ ձեռք առնելու միջոցներ, որպեսզի խայտաբղետ քաղաքացիներ մի բնակարանում չբնակվեն»:
Լ. Մանուկյան
Գ.Նժդեհի 35 շենք, 32 բնակարան
Անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին լրացումներ կատարվեցին ՀՀ քաղաքացիական օրենսգրքում՝ կապված հարեւանների միջեւ ծագած հարաբերությունների հետ: Այնտեղ սահմանված էր. «Հարեւանները օրենքով նախատեսված իրավունքներից եւ պարտականություններից բացի, ունեն փոխադարձ հարգանք ցուցաբերելու պարտականություն»:
«Առավոտ»
30.06.2018