Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիդ Կացարավա. «Ռաֆթինգի զարգացումը կարող է էքստրեմալ տռւրիզմի սիրահար հազարավոր զբոսաշրջիկներ բերել Հայաստան»

Հուլիս 02,2018 13:30

Դեբեդ գետում ռաֆթինգի կանոնավոր տուրերի մեկնարկին, որն իրականացվեց «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի, ՆՈՒՌԻԿ Թրավելի եւ ՌԴ կողմից ֆինանսավորվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համատեղ ջանքերով, ներկա էր նաեւ Վրաստանի ռաֆթինգի ֆեդերացիայի նախագահ Դավիդ Կացարավան, որն իր թիմով մի քանի շաբաթ աշխատել է Հայաստանում ռաֆթինգի հրահանգիչներ պատրաստելու ուղղությամբ: Aravot.am-ը զրուցել է նրա հետ:

«Հայկական կողմի հրավերով ես եւ մեր մասնագետները վերջին շրջանում հաճախ ենք եղել այստեղ: Հիմա էլ եկել եմ ներկա լինելու ծրագրի մեկնարկի շնորհանդեսին: Այստեղ ցանկանում են զարգացնել ինչպես կոմերցիոն, այնպես էլ սպորտային ռաֆթինգը: Ողջունելի գաղափար է: Մենք երկու շաբաթ միասին ինտենսիվ աշխատել ենք՝ պատրաստելով հայ հրահանգիչներ, ուսումնասիրել, յուրացնել Դեբեդ գետը: Լոռու մարզը, ձեր երկիրն ընդհանրապես, ինչպես Վրաստանը, ակտիվ հանգստի բազմաթիվ ոլորտներ մասսայականացնելու չբացահայտված շատ հնարավորություններ ունի: Իմ համոզմամբ, ռաֆթինգը դրա լավագույն միջոցներից մեկն է, քանի որ այն էքստրեմալ զբոսաշրջության ամենասիրված ու տարածված ձեւերից է ամբողջ աշխարհում եւ կարող է բազմահազար զբոսաշրջիկների գրավել տարածաշրջան», – ասաց Դ. Կացարավան:

Հարցին, թե ռաֆթինգը Վրաստանում բավականին տարածված լինելով, ի՞նչ է տալիս իրենց երկրին, Դ. Կացարավան պատասխանեց. «Տուրիստական եւ սպորտային ռաֆթինգը Վրաստանում իսկապես արագ տեմպերով է զարգանում եւ տարեցտարի ավելի մեծ քանակությամբ զբոսաշրջիկներ է բերում: Նրանք ծանոթանում են Վրաստանի վարար կամ լեռնային գետերին: Դա բերեց նրան, որ վերջին տարիներին մենք անցկացրինք Եվրոպայի երկու առաջնություն, իսկ հիմա սկսելու ենք պայքարել նաեւ աշխարհի գավաթը Վրաստանում կազմակերպելու համար: Այդպիսի հիանալի հնարավորություն ունի նաեւ Հայաստանը՝ իր Դեբեդ գետով: Այն ջանքերը, որ գործադրում են այս ծրագրի հեղինակները, ավելի արդյունավետ կարող են լինել սպասարկման նոր ապրանքատեսակ ստեղծելու, դեպի Հայաստան աշխարհի տարբեր ծայրերից զբոսաշրջիկներ ներգրավելու, Երեւանից դուրս տարածաշրջաններում բիզնեսի նոր ուղղություններ զարգացնելու եւ տեղացիների համար նոր աշխատատեղեր ստեղծելու առումով: Միայն թե, նաեւ ձեր երկրի ղեկավարության ու համապատասխան կառույցների ուշադրությունն ու աջակցությունն էլ է պետք: Ի դեպ, Հայաստանում միայն Դեբեդը չէ, որտեղ կարելի է ռաֆթինգը զարգացնել: Այդպիսի հնարավորություն ունեն նաեւ Ձորագետն ու Քասախ գետը»:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի համակարգող Արման Վալեսյանն ավելացրեց. «Մեկ տարի սպասում էինք, որպեսզի ունենանք համապատասխան մասնագետներ, գույք եւ հանդերձանք, ապահովենք անվտանգությունը, ստուգենք նաեւ ջրի որակը: Մի խոսքով, հաշվարկվել է ամեն ինչ: Իսկ ռաֆթինգն ընտրվել է բիզնեսների երեք պահանջների համապատասխան. արդյո՞ք հնարավոր է դա վաճառել, արդյո՞ք պահանջարկ կունենա եւ արդյո՞ք գյուղն օգուտ կստանա այդ ծառայությունից»:

Պարոն Վալեսյանը նշեց նաեւ, որ Հայաստանում ՄԱԿ-ի «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը միտված է զարգացնել զբոսաշրջությունը 60 գյուղական համայնքներում:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

30.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031