Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդունելության շեմը չի իջնի՝ քանակ ապահովելու նպատակով»

Հուլիս 02,2018 13:00

Հարցազրույց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանի հետ:

– Պարոն Շահինյան, շուտով կսկսվեն ընդունելության քննությունները: Հայտնի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով այս տարի դիմորդների թիվը նվազ է: Արդյոք դա չի՞ նշանակում, որ բուհերն իրենց ֆինանսական խնդիրները լուծելու համար կընդունեն բոլոր դիմորդներին: Երբեւէ կոնսերվատորիան հանրապետության կտրվածքով անցկացրե՞լ է մշտադիտարկում՝ պարզելու դիմորդների որակական տվյալները:

– Այո, այս տարի դիմորդները փոքրաթիվ են, նման իրավիճակ եղավ նաեւ 2011թ., բայց դա չի նշանակում, որ բոլոր դիմորդները՝ անկախ իրենց մասնագիտական ընդունակություններից, կընդունվեն: Հայտարարում եմ՝ ընդունելության շեմը չի իջեցվելու՝ քանակ ապահովելու նպատակով: Փորձը ցույց է տալիս, որ երբ ցանկություն ունես բուհում ապահովել ուսանողների թիվ՝ ընդունելության շեմը իջեցնելով եւ զուգահեռ դասախոսների ժամաքանակ ապահովելով, դա ավելի վնասակար է, քան ընդունել փոքրաթիվ ուսանողներ՝ ապահովելով կրթական բարձր որակ: Մեծ թվով ուսանողներ ներգրավելու տենդենցը սկիզբ առավ վճարովի համակարգը ներդնելուց հետո: Այո, բուհերն իրենց ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով ընդունելության շեմը ինչ-որ չափով իջեցրին: Նման մոտեցումը, պետք է նշեմ, որ ինչ-որ չափով հաջողվեց: Բայց կոնսերվատորիայի դեպքում դա հակառակ պատկեր ունեցավ, քանի որ մեզ մոտ ամբողջովին անհատական դասընթացներ են: Ավելի պարզ ասեմ՝ մեկ ուսանողը թանկ արժե եւ եթե նա 100 տոկոսով վճարում է վարձը, դա ուղիղ կեսն է մեկ ուսանողին պետության կողմից ֆինանսավորման պայմաններում: Այսինքն՝ կոնսերվատորիան միտում չունի մեծաթիվ ուսանողների, քանի որ դա նույնիսկ ֆինանսական առումով վնասակար է: Վերջին տարիներին, նաեւ այսօր, ունենք պետության կողմից տրված 60 պետպատվերի տեղ բակալավրիատի առաջին կուրս ընդունվողների համար, որն, ըստ իս, բավարար է բարձրակարգ կրթություն ապահովելու համար:

Ինչ վերաբերում է մշտադիտարկմանը, Հայաստանում անցկացվում են հանրապետական մրցույթներ, փառատոներ, որտեղ մասնակցում են երաժշտական ու արվեստի դպրոցների եւ ուսումնարանների սաները:

Նման միջոցառումներից ենք տեղեկանում շնորհալի, տաղանդավոր երեխաների մասին: Ընդ որում, նման աշխատաոճ եղել է վաղուց: Կոնսերվատորիայի դասախոսներն էլ պարբերաբար վարպետության դասընթացներ են անցկացնում ոչ միայն երեւանյան երաժշտական կրթօջախներում, այլ նաեւ մարզային: Դրանք իրականանում են հիմնականում կրթության եւ գիտության ու մշակույթի նախարարությունների, ինչպես նաեւ տարբեր հիմնադրամների օժանդակությամբ:

Շահեն Շահինյանն ու Մարտին Ռեներտը

– Ինչպես տասնամյակներ առաջ, այսօր էլ հաճախ շրջանառվում է այն միտքը, թե ինչու մշակութային բուհերը չեն գործում մշակույթի նախարարության ենթակայությամբ:

– Մշտապես համագործակցում ենք մշակույթի նախարարության հետ, համերգների, մրցույթների ու տարբեր ձեւաչափերի միջոցառումների կազմակերպման ու անցկացման նպատակով: Վերջապես կադրեր ենք պատրաստում մշակույթի նախարարությանը պատկանող երաժշտական պետական կոլեկտիվների համար: Պետք է խոստովանեմ, որ արդյունավետ է երկու նախարարությունների հետ աշխատելը, բայց կոնսերվատորիան կրթական համակարգ է եւ այն արդյունավետ կազմակերպելու համար ճիշտ է, որ գտնվի կրթության եւ գիտության նախարարության ենթակայության ներքո: Հայաստանն այսօր արդեն հայտնի է աշխարհին Արամ Խաչատրյանի անվան մրցույթով, որն իրականացվում է երկու նախարարությունների ջանքերով: Մեր երկիր են այցելում ոչ միայն հայտնի երաժիշտներ, այլեւ հեղինակավոր կրթական հաստատությունների ղեկավարներ, որոնք հսկայական ազդեցություն ունեն համաշխարհային մշակութային ոլորտում: Հենց վերջերս առաջին անգամ Հայաստանում էր ու կոնսերվատորիայում հյուրընկալվեց Բեռլինի արվեստների ակադեմիայի ռեկտոր Մարտին Ռեներտը: Քննարկվեցին բուհերի հետագա համագործակցության հարցերը եւ հավաստիացնեմ, որ նա ծանոթանալով մեր ուսանողների առօրյային, ուսումնական ընթացքին, լավ իմաստով զարմացած էր, որ Հայաստանն ունի նման երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություն:

– Հեղափոխությունից հետո բոլոր ոլորտներում սպասվում են բարեփոխումներ…

– Մեր սպասումները հետեւյալն են՝ այնքան խոհեմ գտնվենք ու այնպիսի քայլերով առաջ գնանք, որ ապագան կերտող երիտասարդության հետ ապահովենք արդյունավետ աշխատելու, ստեղծագործելու պայմաններ: Կարծում եմ նաեւ, որ բուհերում պրոֆեսորադասախոսական կազմում պետք է ներգրավել երիտասարդների, նրանցով պետք է համալրել ադմինիստրատիվ պաշտոնները եւս:

Զրուցեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ»

30.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031