Լրահոս
Օրվա լրահոսը

Դասական կիթառի լավագույն ավանդույթները շարունակվում են Հայաստանում

Հուլիս 02,2018 12:30

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կիթառահար Հակոբ Ջաղացպանյանի կիթառի դասարանի սաների համերգը:

Թեպետ աշխարհի ամենատարածված լարային երաժշտական գործիքի զարգացման կենտրոնը ընդունված է համարել Իսպանիան, բայց մեր երկրում եւս շատ երիտասարդների համար կիթառը սիրված գործիք է: Հակոբ Ջաղացպանյանի սաները, սակայն, ի տարբերություն իրենց հասակակիցների, կիթառով չնվագեցին իսպանական կրակոտ, սիրային մոտիվներով կատարումներ, նրանք նվագեցին դասական ստեղծագործություններ կիթառով։ Միջոցառմանը երիտասարդ կիթառահարներ Բարտի Մինասեանի, Թաթուլ Հաջյանի, Էդգար Ենգիբարյանի, Մարատ Զաքարյանի, Հայկ Հայրումյանի, Ռուբեն Աբգարյանի, Միլենա Զալյանի կատարմամբ հնչեցին Ու. Ուոլտոնի, Լ. Բրաուերի, Կ. Դոմենիկոնիի, Դ. Սեմենցատոյի, Ռ. Ռիերայի, Ա. Բարիոսի, Յ. Բախի, Ջ. Մոնտանայի, Ֆ. Տորոբայի ստեղծագործությունները: Հնչեց նաեւ Ա. Խաչատրյանի, Կոմիտասի երաժշտությունը կիթառի նուրբ, հոգեցունց հնչյուններով։

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական կիթառի դասարանի տարբեր տարիների շրջանավարտները դասական կիթառի միջազգային մի շարք փառատոների, հեղինակավոր մրցույթների դափնեկիրներ են: Հակոբ Ջաղացպանյանի տաղանդավոր սաներից է նաեւ Սիրիայից հայրենիք տեղափոխված Բարտի Մինասեանը, ով, տարիներ առաջ, նվագելով «Նարեկացի» արվեստի միությունում սիրիահայերի համար կազմակերպված համերգի ժամանակ, միության հիմնադիր Նարեկ Հարությունյանից առաջարկ ստացավ հանդես գալ մենահամերգով: Ամիսներ անց կայացած մենահամերգի լեփ-լեցուն դահլիճի առկայությունը հավաստեց, որ Հայաստանում դասական կիթառի սիրահարների լսարանը փոքրաթիվ չէ։ Բարտին այժմ ստեղծագործություններ է գրում կիթառի համար, եւ ուզում է դառնալ երաժշտական աշխարհում, ըստ էության, հազվադեպ հանդիպող՝ կոմպոզիտոր կիթառահար։ Նրա համար երաժշտական աշխարհում բոլոր գործիքները մի տեղում են, կիթառն անջատ է՝ իր ուրույն տեղում, քանզի կիթառը շատ զգացական գործիք է։ Բարտին սիրում է իր կիթառը, նվագում է գորովանքով՝ զգալով ամեն մի լարի նուրբ թրթիռը։

Ուրախալի է, որ դասական կիթառի լավագույն ավանդույթները շարունակվում են Հայաստանում Հակոբ Ջաղացպանյանի նման նվիրյալների շնորհիվ, եւ օրինակելի, որ հայ երիտասարդները նախընտրում են մոդայիկ համարվող զվարճությունների փոխարեն վեր հանել դասական, ազգային երաժշտության գանձարանի անփոխարինելի մեղեդիները եւ ներկայացնել դրանք նորովի՝ կիթառի անզուգական հնչյուններով:

ՎԱՐԴԻՆԵ ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Առավոտ»

30.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031