ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Նորահայտ աղանդավորական շարժման խթանիչներից Կորյուն աբեղան երեկ` Վաղարշապատ քաղաքում կատարեց իբր թե բացահայտում, ըստ որի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սրբություններն ու մասունքները վաճառվում ու կեղծվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նրա լծակիցների ու համախոհների կողմից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ սուտը երևաց նաև տեղեկատվական դաշտում` հարկ համարեցինք հանդորրամտություն Սբ Էջմիածնի Թանգարանների բազմաթիվ այցելուների և մեր Սուրբ Եկեղեցու հավատացյալների հանդես գալ սույն հայտարարությամբ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բոլոր սրբություններն ու մասունքները, ինչպես նաև թանգարանային առարկաները, ոչ միայն անձեռնմխելիորեն և ապահով պահվում ու ցուցադրվում են Մայր Աթոռի թանգարաններում, այլև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության տարիներին հարյուրավոր պատմամշակութային ու գեղարվեստական առարկաներով (մասունքներ, հինավուրց խաչքարեր, ձեռագրեր, հնատիպ գրքեր, սրբանկարներ, աստվածպաշտական ու նվիրական առարկաներ, եկեղեցական զգեստներ, գործվածքներ, գեղանկարներ, հին մետաղադրամներ ու թղթադրամներ, հուշադրամներ) համալրվել են: Հատկապես հիշատակարժան են երանաշնորհ Հովհաննես-Պողոս Բ. Հռոմի Պապի կողմից հանձնված Սբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքները, ինչպես նաև` Սանկտ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժի կողմից հռչակավոր Սկևռայի մասունքարանի վերադարձը Հայաստանյայց Սուրբ Եկեղեցուն:
Շնորհիվ Հայոց Հայրապետի բարեխնամ տնօրինության վերստին կյանքի կոչվեց սրբոց տոների և եկեղեցիների ու վանքերի ուխտագնացությունների առիթներով` Մայր Աթոռի մասանց պահարանից սրբոց մասունքների դուրս բերումը և Հայոց երկրի զանազան սրբավայրեր հանդիսավորապես տեղափոխումն ի մխիթարություն և ի զորացումն մեր հավատացյալների:
Հայոց հոգևոր կյանքի նորոգությանն ու զորեղացմանն ուղղված բոլոր ընծայաբերությունները և Մայր Աթոռի Թանգարանների գանձերի համալրումներն իրենց ժամանակին հատուկ կերպով ներկայացվել են Թանգարանների հաղորդագրություններով և լուսաբանվել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի հրապարակումներով ու «Շողակաթ>> հեռուստաընկերության տեսանյութերով:
Հորդորում ենք, որ հետ այսու ազգային-եկեղեցական դարավոր սրբություններն ու արժեքները չդարձվեն ստապատիր ու նվաստ խոսքավաճառության նյութ, քանզի դրանց Սուրբ Զորությունը կսատակի նման հանդգնություն ունեցող խաչագողերին»:
ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ