Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Ամեն տարի Հայաստանի մարզերում մարզադպրոց ենք բացելու»

Հուլիս 01,2018 23:56

Հանրապետության արդյունաբերական խոշոր քաղաքներից մեկում՝ Հրազդանում, տասնամյակներ շարունակ ոչ մի լողավազան չէր գործում: Խորհրդային Միության փլուզումից հետո տեղի պիոներ պալատի լողավազանը անգործության էր մատնված ու անգործությունից հայտնվել էր փլուզման վտանգի առջեւ:

Հրազդանցիները դիմել էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին այդ լողավազանը հիմնանորոգելու եւ լողի մարզադպրոց ստեղծելու խնդրանքով: Երեկ կայացավ լողավազանի եւ մարզադպրոցի բացման պաշտոնական արարողությանը, որին ներկա էր նաեւ ՀԱՕԿ նախագահը: Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Ասել ու հիմա էլ կրկնում եմ, որ շատ կարեւորում եմ մարզերում՝ տարբեր բնակավայրերում, գյուղերում  գործող եւ հարմարավետ մարզադպրոցներ ունենալը:

Այդ աշխատանքները մենք վաղուցվանից ենք նախաձեռնել: Յոթ տարի առաջ Հրազդանի միկրոշրջանում հիմնանորոգել եւ քաղաքապետարանին եմ հանձնել Երիտասարդական մարզական մշակութային կենտրոնը, որտեղ պատանիները զբաղվում են իրենց նախասիրած մարզաձեւերով: Այստեղից գնալու եմ այնտեղ՝ տեսնելու, թե ինչ նոր խնդիրներ կան: Հրազդան քաղաքում լողավազանի կարիք կար: Կազմակերպեցինք այդ աշխատանքները, որպեսզի այստեղ էլ բնակիչները, երիտասարդները եւ երեխաները զբաղվեն սպորտով, որ երեխաները ոչ մի բանից զուրկ չմնան: Այն երեխաները, որոնք աչքի կընկնեն, կընդգրկվեն հավաքական թիմեր, իսկ մյուսները կշարունակեն զբաղվել սիրողական մակարդակով, փողոցից կկտրվեն, կունենան առողջ ապրելակերպ»:

Aravot.am-ի հարցին, թե մյուս մարզերում էլ գործող լողավազանների խնդիր կա, ինքը շարունակելո՞ւ է այս ծրագիրը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.«Իհարկե: Եթե դու սպորտի ղեկավար ես, պարտավոր ես: Աշխատանք շատ կա, որը հերթականությամբ անում ենք: Իսկ մարզերում մենք ուժեղ ու լավ երեխաներ շատ ունենք, որոնց համար իրենց դրսեւորելու հնարավորություն պետք է ստեղծել: Երեխան, եթե սպորտով զբաղվեց մեկ ամիս, դրանից հետո նրան սպորտից կտրել հնարավոր չէ, որովհետեւ նա զգում է սպորտի գեղեցկությունն ու հզորությունը, տեսնում իր մարմնի սլացիկությունն ու գեղեցկությունը»:

Մեր դիտարկմանը, թե մասսայականությունից է ծնվում վարպետությունը, ՀԱՕԿ նախագահը արձագանքեց. «Անշուշտ: Վերջին տարիներին Հայաստանը համաշխարհային սպորտում ոչ մի երկրից հետ չի մնում: Դա գալիս է մասսայականությունից, որը մենք կազմակերպում ենք թե խոշոր քաղաքներում, թե մարզերում ու գյուղերում: Մեդալները հենց այնպես չեն նվաճվում: Դա հետեւողական աշխատանքի արդյունք է, որից ես հաճույք եմ ստանում: Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, հատկապես ծանրամարտում եւ ըմբշամարտում, որոնց մասնակցում են բոլոր գերտերությունները, խաղարկվող ոսկե մեդալներից երկուսը նվաճում են տարածքով փոքր մեր երկրի մարզիկները: Էլ չեմ խոսում արծաթե եւ բրոնզե մեդալների մասին: Այդպես էլ շարունակելու ենք: Ամեն տարի նոր մարզադպրոցներ ենք բացելու, որպեսզի միջազգային մրցահարթակներում անընդհատ Հայաստանի դրոշը բարձրանա, Հայաստանի օրհներգը հնչի»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031