«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Փոքրիկ իշխան» կենտրոնն այսօր Վանաձորում միավորել էր հարյուրավոր քաղաքացիների: Նպատակը մեկն էր՝ բարեգործությունը: Առաջին անգամ մարզկենտրոնում անցկացվեց բարեգործական վազք՝ ուղղված «Փոքրիկ իշխան» կենտրոնի ֆինանսավորմանը. «Մրցույթը նպատակ ունի անդամավճարների տեսքով, ինչպես նաեւ բարեգործություն անելով լրացնել «Փոքրիկ իշխան» Վանաձորի եւ Գավառի ծրագրային բացը, այսինքն` այն գումարը, որը մեզ պակասում է ծրագրի շարունակականության համար:
Մյուս կողմից էլ խթանում է առողջ ապրելակերպին: Այս մշակույթն առաջին անգամ է, որ մարդը բարեգործություն է անում, 1000 դրամ նվիրատվություն է անում, բայց մասնակցում է վազքին»,- ասում է «Փոքրիկ իշխան» կենտրոնի համակարգող Նարինե Ղազարյանը:
Վանաձորում բարեգործական վազքը կազմակերպվեց «Հայկական Կարիտաս բարեգործական ՀԿ-ի եւ «Արմ Մարաթոն» հիմնադրամի կողմից:
Մրցավազքն անցկացվեց 2 տարիքային խմբերի միջեւ: Մասնակցեցին 5 տարեկանից բարձր մոտ 500 վազորդներ՝ Վանաձորից, Գյումրուց, Գավառից եւ Երեւանից:
Թեթեւ աթլետիկայի Հայաստանի չեմպիոն Լիլիթ Հարությունյանը եւ մասնակիցն էր այս բարեգործության: Ասում է՝ նմանօրինակ միջոցառումներին մասնակցելն ավելի պարտավորեցնող է. «Շատ ուրախ եմ, որ Վանաձորում այսպիսի միջոցառումներ են կազմակերպում: Ուրախությամբ ու հպարտությամբ եմ վազում, հատկապես, որ այն բարեգործական է»:
Անդրանիկ Մարգարյանը վազքին մասնակցելու համար Երեւանից էր ժամանել Վանաձոր: Այստեղ նա 13 տարեկանից բարձր մասնակից տղաների խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականը. «Ինձ համար շատ կարեւոր է մասնակցել այս բարեգործական վազքին: Ինչպես նաեւ շատ հաճելի էր, որ Վանաձորում, որպես վազորդ ես գալիս: Սա նաեւ շատ լավ հնարավորություն է մարզիկների, աթլետով զբաղվողների համար: Այսպիսի միջոցառումների շնորհիվ շարունակում ենք մշտապես մնալ սպորտի մեջ»:
«Փոքրիկ իշխան» կենտրոնը Վանաձորում բացվել է 2010 թվականին: Ծրագրի նպատակն է ինտեգրել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին՝ տրամադրելով սոցիալական եւ հոգեբանական ծառայություններ, միաժամանակ նաեւ խթանելով առողջ ապրելակերպին:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ