Ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջեւանի ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, իսկ հայկական զինված ուժերը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն:
Հակառակորդը կրակոցներ է արձակել Արարատի մարզի Զանգակատուն գյուղի տարածքում, որտեղ հրդեհ է բռնկվել եւ հրշեջները փորձել են մարել այն: Այդ ժամանակ կրակոցներ են արձակվել հրշեջների, տարածքում գտնվող քաղաքացիների եւ զինվորների ուղղությամբ: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին դեռ այլ տեղեկություններ չունի:
Իսկ թե քանի՞ վիրավոր կա, նա ասաց, որ միայն մեկ վիրավորի մասին գիտի, որի հետ կապված ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է: Արծրուն Հովհաննիսյանը մասնավորապես գրել է. «Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. ծնված Վահագն Սամվելի Բաղդասարյանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ