Այսօր լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեցին՝ այս բացահայտումների ֆոնին իրավապահ մարմինները հասնելո՞ւ են նախկին նախագահներին: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք ասել ենք, որ բոլորը հավասար են օրենքի առաջ, կապ չունի, թե հետաքննությունը ում կհանգեցնի, դրանից վերաբերմունքը պետք է որ չփոխվի»:
Հարցին՝ հաշվի առնելով դատարաններում խափանման միջոցների փոփոխությունը, ձեր գնահատմամբ, ամեն ինչ ճի՞շտ է գնում՝ վարչապետը պատասխանեց. «Ես ուզում եմ հավատալ, որ ե՛ւ դատարանները, ե՛ւ դատավարությանը ներգրաված մյուս սուբյեկտները ամեն ինչ ճիշտ են անում եւ անում են՝ իրենց իրավասությունների շրջանակներում եւ օրինականությունը, հանրության, մարդու շահերը պաշտպանելու նկատառումով: Համենայնդեպս, երբ կառավարությունը տեսնի սպառնալիք այս առումով, իհարկե, օրենքով սահմանված կարգով եւ ձեւերով, նաեւ իր քաղաքական ազդեցությամբ կմիջամտի, այս պահին ես տեսնում եմ, որ նման միջամտության անհրաժեշտություն չկա»:
Վարչապետը հանդիպել էր զոհված ոստիկանների հարազատների հետ եւ լրագրողները խնդրեցին մանրամասներ: Վարչապետն ասաց. «Տարբեր կարգի մտահոգություններ կային, մասնավորապես, հիմնական մտահոգություններից մեկն այն էր՝ արդյոք արդարադատություն կիրականացվի, թե՞ կիրականացվի քաղաքական դատավարություն եւ քաղաքական որոշումներ: Բնականաբար, մեր հավաստիացումն այն էր, որ պետք իրականացվի արդարադատություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ