Այս ուտեստի համար կարող եք վերցնել ինչպես ճուտ, այնպես էլ հավի ցանկացած հատված` թեւիկներ, բդիկներ, ամբողջական հավ, կրծքամիս: Սխտորն ու համեմունքները հավին ախորժելի համ են տալիս, իսկ մածունը` նրբացնում է միսը:
Անհրաժեշտ մթերքները
Հավի միս (ձեր սիրած կտորները)- 1 կգ
Սխտոր- 4-5 պճեղ
Համեմունքներ- ձեր ճաշակով (աղ, կարմիր եւ սեւ պղպեղ, քարրի, համեմի սերմ եւ այլն)
Մածուն-1 բաժակ
Պատրաստման եղանակը
Հավը լավ լվանալ, եթե պետք է` կտրատել: Սխտորը մաքրել, լվանալ եւ կտրատել` երկար-բարակ ձողիկների: Համեմունքները խառնել իրար: Հավի վրա, հատկապես ոսկորների մոտ հատվածներում անցքեր անել: Սխտորի կտորները թաթախել համեմունքների մեջ եւ մտցնել հավի վրա բացված անցքերում: Ոսկորների մոտ միսը սովորաբար ավելի դժվար է եփվում, իսկ նրա մոտ բացված անցքերը թույլ են տալիս, որ ավելի լավ եփվի:
Երբ բոլոր կտորները սխտորով եւ համեմունքներով համեմված կլինեն, վրան լցրեք մածունը եւ տարածեք բոլոր կտորների վրա` բոլոր կողմերից: Այսպես հավը կարող է սառնարանում 1-2 օր մնալ:
Ամեն դեպքում գոնե 2 ժամ թողեք, որ լավ համեմվի: Լցրեք ջեռոցի թավայի մեջ եւ դրեք 220 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 40-45 րոպեով, մինչեւ լավ կարմրի:
Մատուցեք տաք վիճակում, ցանկացած խավարտի հետ:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ