Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այսօր մեր տոնն է…ինչո՞ւ ոչ մի դրական երանգով հարց չես տալիս». Գլխավոր դատախազը՝ լրագրողին

Հուլիս 01,2018 14:36

Այսօր ՀՀ դատախազության 100-ամյակն է եւ դատախազության աշխատողի օրը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ դուք միակն եք նախկին իշխանություններից, որ շարունակում եք այս ուժային կառույցում աշխատել, չե՞ք պատրաստվում հրաժարական տալ, ինչպես որոշ քաղաքացիներ են պահանջում՝ նա պատասխանեց, որ միակը չի եւ չի պատրաստվում հրաժարական տալ:

Հարցին՝ Սերժ Սարգսյանի օրոք նման բացահայտումներ երբեւէ տեղի չեն ունեցել, ինչ հիմա է տեղի ունենում, չե՞ք համարում, որ դա նաեւ ձեր թերացումն է, ձեր կառույցի թերացումն է՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Թերություններ կան բոլորիս աշխատանքում, եւ մենք ամեն օր մեր աշխատանքը ավելի կատարելագործելու, ավելի զարգացնելու անհրաժեշտություն ունենք: Անչափ կարեւոր է նկատել մեր թերությունները, մեր սխալները եւ դրանց ուղղման ուղղությամբ ձեռնարկել գործուն քայլեր: Դուք, կարծում եմ, ականատեսն եք դրա եւ դա խիստ շարունակական բովանդակություն է ունենալու»:

Հարցին՝ քաղաքական կա՞մքն էր պակասում, որ իրական բացահայտումներ արվեն՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ես պարզաբանումներ տալու առիթ ունեցել եմ: Շատ ոգեւորված եմ գլխավոր դատախազի ու մեր հանրության խիստ պատրաստակամության եւ աջակցության համար: Դա շատ կարեւոր է: Ես նախկինում էլ էդ խոսքը միշտ ասել եմ, չգիտեմ որքանով եք դրան ուշադրություն դարձրել: Մեր աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է հանրային աջակցությունից»:

Թե հեղափոխությունն ինչ ազդեցություն է ունեցել դատախազության աշխատանքի վրա կամ ավելի կոնկրետ՝ հանրային հնչեղություն ունեցող դատական գործերում դատախազների դիրքորոշումը կալանքից ազատելու վերաբերյալ փոխվել է, մեծամասամբ չեն առարկում, ինչո՞ւ այդպես կտրուկ անցում եղավ՝ Արթուր Դավթյանն ի պատասխան կարծես սկսեց շեղել հեղափոխության հետ դա կապելուց՝ ասելով, որ իրենք երկար տարիներ խոսում էին կալանավորման պրակտիկայի խնդիրների մասին, երկար տարիներ տարբեր հարթակներում հիմնավորել են մեր օրենսդրության բացերով ու բոլորը սպասողական դա կապում էին նոր Քրեական դատավարության օրենսգրքի ընդունման հետ: Եվ հանրային պահանջի պայմաններում, երբ ակնառու դարձավ, որ այդտեղ փոփոխության կարիք կա, ավելի արագ քայլեր են արել:

Հարցին՝ դատախազությունը հրահանգ ստացե՞լ է նախկին աղմկահարույց գործերում, որտեղ ներգրաված են եղել պաշտոնատար անձինք ու կարճվել են կամ կասեցվել են, վերաբացել դրանք, եթե այո, կոնկրետ ո՞ր գործերին է դա վերաբերում՝ գլխավոր դատախազը պատասխանեց. «Ես այսօր, քանի որ մեր տոնն է, ինձ թույլ եմ տալիս քո հարցին հարցով պատասխանել՝ ինչո՞ւ դու ոչ մի դրական երանգով հարց չես տալիս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031