Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ դատախազությանը. «Կապ պետք է չունենա ով է կոռուպցիոները՝ գործո՞ղ պաշտոնյա, նախկի՞ն, թե՞ ներկա»

Հուլիս 01,2018 12:51

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՀՀ դատախազության 100-ամյակի եւ Դատախազության աշխատողի օրվա հանդիսավոր նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ ՀՀ դատախազության համար նոր էջ է բացվել:

Վարչապետի խոսքով՝ «Այդ նոր էջի ամենաառանցքային սկզբունքը հետեւյալն է՝ նոր Հայաստանում մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն եւ այդ պատասխանատվությունը պետք է լինի համաչափ, օրինաչափ, իրավաչափ եւ արդարացի, անմեղները պետք է ընդհանրապես որեւէ հետապնդման չենթարկվեն, տուժողների իրավունքները պետք է լրջագույնս պաշտպանվեն, դատավարության բոլոր կողմերի իրավունքները պետք է պաշտպանվեն, նույնիսկ դատապարտյալների, մեղադրյալների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանվեն եւ սա դատախազության կարեւորագույն գործառույթներից մեկն է: Կարծում եմ, մեզ բոլորիս համար ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիների կարեւորագույն պահանջը արդարությանն պահանջն է, եւ արդարության պահանջն ի կատար ածելու, իրագործելու գործում դատախազության դերը դժվար է գերագնահատել»:

Ըստ վարչապետի, դատախազությունն արդարության ապահովման ճանապարհի ամենակարեւոր խաչմերուկն է եւ շատ կարեւոր է, որ այդ խաչմերուկում լուսացույցը ճիշտ աշխատի՝ օրենքին համապատասխան, իրավունքին համապատասխան, տրամաբանությանը համապատասխան. «Եվ ուրեմն՝ նոր Հայաստանում դատախազության կարեւորագույն խնդիրն է ապահովել օրինականությունը, ընդ որում չպետք է հաշվի առնվի, թե ով է դրա հետ առնչվող օբյեկտը՝ իշխանավոր, թե ընդդիմադիր, գործող, թե նախկին պաշտոնյա, եւ որեւէ կապ չպիտի ունենա այս վերաբերմունքը այս հարաբերությունը քաղաքական որեւէ կոնյուկտուրայի, որեւէ ենթատեքստի հետ:

Նոր Հայաստանում կարեւորագույն գործառույթ է կոռուպցիայի դեմ պայքարը եւ կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինները դատախազության վերահսկողության ներքո պետք է լինեն չափազանց սկզբունքային, եւ բացարձակապես կապ պետք է չունենա ով է կոռուպցիոները՝ գործո՞ղ պաշտոնյա, նախկի՞ն, թե՞ ներկա պաշտոնյա: ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ, եւ այդ սկզբունքն ապահովող կարեւորագույն մարմիններից մեկը, եթե չասենք առանցքային մարմինը ՀՀ դատախազությունն է»:

Նիկոլ Փաշինյանը կարեւորեց նաեւ պետական շահերի պահպանությունը եւ ասաց, որ ակնկալում է, որ Հայաստանի դատախազությունը սկզբունքային դիրքորոշում կունենա եւ սկզբունքային գործունեություն կծավալի պետական շահերի պաշտպանության ոլորտում:

Շնորհավորելով դատախազության աշխատողներին տոնի առթիվ՝ վարչապետն ասաց. «Ուզում եմ հույս հայտնել, որ սրանից հետո ավելի ու ավելի շատ ՀՀ քաղաքացիներին սա կհամարեն նաեւ իրենց տոնը եւ ամեն տարվա հետ ավելի ու ավելի շատ թվով քաղաքացիներից ՀՀ դատախազությունը կստանա շնորհավորանքի, բարեմաղթանքի, շնորհակալության անկեղծ խոսքեր: Եվ ուրեմն կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք ու մեր երեխաները, որ ապրում ենք եւ ապրելու ենք ազատ, իրավական եւ երջանիկ Հայաստանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031