Այսօր գլխավոր դատախազությունում ՀՀ դատախազության աշխատողի օրվան և Դատախազության համակարգի 100-ամյակին նվիրված դատախազության կոլեգիայի ընդլայնված հանդիսավոր նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց. «Սովորաբար ընդունված է, որ տոնական օրերին խոսում են միայն ձեռքբերումներից, նվաճումներից, հաջողություններից, անբասիր ծառայություններից եւ գլխավոր դատախազն իր ելույթում այդ ամենի մասին իրավացիորեն խոսեց:
Բայց ես ուզում եմ մենք հատկապես այսօր ընդգծենք, որ 100 տարվա գործունեության ընթացքում դատախազության կյանքում եղել են նաեւ շատ բարդ եւ վիճահարույց շրջաններ՝ սկսած 1930-ականների հայտնի իրադարձություններից, որը մարդկանց գիտակցության եւ մեր պատմության մեջ մնացել է՝ որպես 37 թվական, շարունակած ՀՀ անկախության համար պայքարողների նկատմամբ հետապնդումներից, որոնք նույնպես տեղի են ունեցել խորհրդային տարիներին: Ցավոք, անկախության վերականգնումից հետո նույնպես դատախազության գործունեության էջերը միշտ չէ, որ տոնական բառապաշարով եւ տոնական տրամադրությամբ են հագեցած եղել:
Ներքաղաքական կոնֆլիկտների, ներքաղաքական պայքարի բովում, իհարկե, եղել են վիճահարույց, անհայտ սխալ, ակնհայտ անթույլատրելի, ակնհայտ անօրինական քայլեր ու որոշումներ, եւ մենք բոլորս այս մասին գիտենք: Բայց ես սա չեմ ասում՝ մեր տոնը, ձեր տոնը փչացնելու համար: Ես սա ասում եմ՝ ընդգծելու համար իմ համոզմունքը եւ ակնհայտ իրողությունը, որ ինչպես մեր պետական մյուս մարմիների համար, դատախազության համար եւս նոր էջ է բացվել, եւ այդ նոր էջը մեծ հնարավորություն է ինչպես Հայաստանի Հանրապետության համար, ինչպես ՀՀ քաղաքացիների համար ինչպես իրավապահ բոլոր մարմինների համար, այնպես էլ դատախազության»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ